.jpg)
Հ. Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսիին` մարտի 4-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման կապակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նամակում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանում մեծ ուշադրությամբ և հուզմունքով էինք հետևում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաև արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջև գործած ոճրագործությանը:
Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձևի ընդունմանը:
Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձևը կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարևոր քայլ կլինի հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»: