.jpg)
Մանևրելու հնարավորություն տվող հայտարարություն
«Դա ընդամենը պայքարի, աշխատանքի ինչ-որ հանգրվան էր, և ոչ ավելին: Սակայն նկատվում են մի շարք տարբերություններ: Տարբերություն համար մեկ` ԱՄՆ-ի թե' նախագահի աշխատակամզը, թե' պետքարտուղարությունը չտվեցին ագրեսիվ արձագանք, Քլինթոնի այսօրվա հայտարարությունն այդ արձագանքի բալանսի բերելն էր, սակայն` ոչ իրականում»,- խոսելով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին` ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ գործադիրի այն կոշտ միջոցները, որ լինում էին նախորդ տարիներին, այս տարի գրեթե չեղան: Բեքարյանը կարևորեց նաև առաջին անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայությունը ԱՄՆ կոնգրեսում. «Այն, որ մշտապես բոլոր բանաձևերի քննարկման ընթացքում ունենում էինք համայնքի ներկայացուցիչներ, մյուս կողմում ունենում էինք թուրքական պետությունը, այս անգամ` առաջին անգամ, նաև մեր օրենսդիր մարմնի ներկայությունը կար դահլիճում»:
Սա, ըստ Կարեն Բեքարյանի, բավականին նոր և դրական միտում էր: Դրական էր նաև, բանախոսի ներկայացմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակն այն պահին, երբ հանձնաժողովը սկսում էր քննարկել բանաձևը, քանի որ 2010-ն աչքի ընկնող էր. «ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այնքան էլ անամպ չէին»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը Կոնգրեսի առաջնորդներին, թե 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է բարդացնել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց այդ էլ փխրուն հարաբերությունները, Բեքարյանը նշեց, որ արձագանքում որևէ նոր խոսք, նոր բառ, քան մինչ այդ հնչում էր, չկա:
«Շատ մանևրելու հնարավորություն տվող հայտարարություն է, սակայն ագրեսիվության և հետևողականության հստակ տարբերություն կա, քանի որ ամերիկյան բոլոր պաշտոնյաները վերջին ամիսներին այս կամ այն ձևով հայտարարեցին, որ նախագահն իր դիրքորոշումը չի փոխել»,- պարզաբանեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի կողմից բալանսը պահելու մշտական ցանկություն կա, սակայն բանախոսը գտնում է, որ այսօր բանաձի մասին խոսել, տալ լավատեսական գնահատական, հնարավոր չէ, քանի որ պետք է հստակ գիտակցենք, որ շոշափվող հարցերն առաջին հերթին անդրադառնում են ոչ թե մեր շահերին, այլ այս կամ այն կերպ արտահայտում են քայլ անող պետության քաղաքական գիծը:
Բեքարյանի համոզմամբ, պահեր կան, որոնք բախումներ են բերում, պահեր կան, որոնք ոգևորում են, սակայն, ըստ նրա, քաղաքականության մեջ զգացմունքայնությունն անելիք չունի, և բանաձևի քննարկումը կարող է լինել շարունակականության սցենարով, կարող է և կանխվել գործընթացը. «Նայած թե ԱՄՆ-ն ու Թուրքիան այս ընթացքում ինչպես կարող են լեզու գտնել»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի թվացյալ լռությանը, ապա Կարեն Բեքարյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Աևիևի և Գյուլի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, բացի այդ` Ադրբեջանում գրեթե բոլոր պաշտոնյաներն իրենց պարտքը համարեցին դատապարտել բանաձևը, ասել, թե սա Թուրքիայի և Ադրբեջանի դեմ արված քայլ էր, սակայն իրականում աղմուկը մեծ չպետք է լինի` ելնելով օբյեկտիվ պատճառներից:
«Ադրբեջանի մոտ հիմա կա աննորմալ հոգեբանական բարդույթի սինդրոմ, այդ երկիրը տեսնում է, որ արձանագրությունների հիմնական նախաձեռնողի կողմից կա հակաքայլ Թուրքիային: Հետևաբար, Ադրբեջանում ակտիվ կեցվածքը պիտի որ սպասելի չլիներ: Երբ անցնենք այս հիստերիկ պահը, նույն բանաձևը շանս է տալիս Թուրքիային ձերբազատվել Ադրբեջանի ճնշումներից և գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց Բեքարյանը` հավելելով, որ դա կլինի միակ ճիշտ ուղին:
Միևնույն ժամանակ, նա դժվարացավ կանխատեսում անել, թե ի՞նչ կորոշի Թուրքիան «հիստերիայի ավարտից հետո»: