.jpg)
Է. Նալբանդյան. «ԱԳՆ-ը միշտ էլ կատարելագործման կարիք ունի»
Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում ՀՀ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով վերջին երկու տարիների ընթացքում հայ-թուրքական նորմալացման գործընթացի, Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ամենատարբեր մակարդակներով տարվող բանակցությունների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ ծանրաբեռնվածության աճին և դրա հետ կապված` ԱԳՆ կառուցվածքային փոփոխությունների խնդրին, նշել է.
«Ծանրաբեռնվածության իմաստով, կարծում եմ, որ նախորդ շրջանում էլ արտգործնախարարությունը նվազ ծանրաբեռնված չի եղել: Ամեն շրջանին բնորոշ են իր մարտահրավերները և իր խնդիրները:
Ճիշտ եք, անցյալ տարի բավական հագեցած էր մեր դիվանագիտության համար. նախևառաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները, Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված հանդիպումները ամենաբարձր մակարդակով: Անցյալ տարվա ընթացքում ինը հանդիպում է կայացել. վեցը` եռանախագահների միջնորդությամբ, և երեքը` Ռուսաստանի նախագահի: Նաև Հայաստանը նախագահում էր երկու կարևոր միջազգային կազմակերպություններում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Աննախադեպ թվով փոխայցելություններ են կայացել Հայաստան և Հայաստանից դուրս, ամրապնդվել է իրավապայմանագրային դաշտը մի շարք երկրների հետ, որոշ երկրների հետ նոր հիմք դրվեց հարաբերությունների զարգացման:
Իրավացի եք, արտգործնախարարությունը, ինչպես որ այլ կառույցներ, միշտ էլ կատարելագործման կարիք ունեն: Մի քանի շաբաթ առաջ Կառավարությունը որոշում ընդունեց արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխությունների մասին: Մենք նաև նախաձեռնել ենք որոշ փոփոխություններ դիվանագիտական ծառայության օրենքում: Չնայած ֆինանսական ճգնաժամի դժվարություններին, մենք մտադիր ենք բացել նոր դեսպանություններ, արդեն այս տարվա ընթացքում մի շարք երկրներում նոր դեսպանություններ են բացվելու: Չնայած նույն դժվարություններին, մենք հիմնեցինք դիվանագիտական ակադեմիան: Այդ հարցերը Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում էին և նրա աջակցությամբ հնարավոր եղավ այս բոլոր քայլերը անել`չնայած դժվարություններին»: