ԱԳ նախարար. «Պետք չէ չափազանցել Հայաստանի հնարավորությունները»
06/03/2010 11:40

ԱԳ նախարար. «Պետք չէ չափազանցել Հայաստանի հնարավորությունները»

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ փոխհարաբերություններին: Այն հարցին, թե կհաջողվի՞ արդյոք հայկական կողմին ապագայում հարաբերությունները զարգացնել այս կողմերից յուրաքանչյուրի հետ առանց մեկը մյուսին վնասելու, նա պատասխանել է.

«Մենք ձգտում ենք առավել խորացնել մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր բարեկամական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական Միության հետ, ԵՄ անդամ երկրների հետ: Մեր հարևանների` Վրաստանի, Իրանի հետ, բնական է, որ մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերությունները համագործակցությունն առավել զարգացնել և ամրապնդել:

Մեր շահերից է բխում, որ շուտ լուծվեն տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, մեր դաշնակիցների, մեր գործընկերների, մեր հարևանների միջև: Դա մեր շահերից է բխում և մենք շահագրգիռ ենք այդ մոտեցմամբ ենք շարժվելու առաջ».

Խոսելով Հայաստանի` որպես միջնորդի դերի և հնարավորության մասին, նախարարն ասել է.

«Պետք չէ չափազանցել Հայաստանի հնարավորությունները: Բայց պատահում է, որ Հայաստանն էլ կարողանում է արդյունավետ միջնորդի դեր ստանձնել: Դա ապացուցվեց, երբ Հայաստանում կայացան Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ բանակցությունները: Դրանք հաջողվեցին: Բանակցությունները վարվեցին Հայաստանի միջնորդությամբ, և այսօր երբ անցակետը բաց է, կարող ենք ասել, որ դա մեծ հաջողություն է և Ռուսաստանի համար, և Վրաստանի համար, և իհարկե, Հայաստանի համար»:
 

ԱԳ նախարար. «Պետք չէ չափազանցել Հայաստանի հնարավորությունները»