Պ. Հայրիկյան. Բանաձևի ընդունումը ապտակ է Թուրքիային
06/03/2010 14:21

Պ. Հայրիկյան. Բանաձևի ընդունումը ապտակ է Թուրքիային

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունումը սպասված քայլ էր»,- գտնում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հանձնաժողովի քվեարկությանը, նա մտահոգություն հայտնեց, որ բանաձևը հանձնաժողովի կողմից անցել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ, մանավանդ, որ արծածվում էր ոչ թե միայն հայությանը վերաբերող, այլ համամարդկային կարևորագույն հարցերից մեկը:

«Տխուր է այն, որ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ է լուծում ստացել հարցը, ոչ միայն մեզ համար ցանկալի լուծում, այլև` արդարության տեսակետից` մանավանդ ԱՄՆ նման երկրում, որը ժողովրդավարության գաղափարի մարմնավորում է, գաղափար, որի մասին բոլոր ամերիկացիները հիշատակում են, սակայն որին Միացյալ Նահանգները` որպես պետություն, բազում անգամներ ուղղակիորեն դավաճանել են»,- ասաց նա` դժգոհություն հայտնելով բանաձևի ընդունմանը դեմ քվեարկածների տրամաբանությանից:

«Որոշ մարդիկ համամարդկային արժեքային համակարգի տեսանկյունից էին հարցին նայում, իսկ մյուսները` ճղճիմ, իբրեև թե` պետական, առարկայական շահերից ելնելով»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսին ուղղված` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչին` չընդունել բանաձևը` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառաբանությամբ, Պ. Հայրիկյանը նշեց, որ նման սցենարը ևս սպասելի էր:

«Հանձնաժողովն ընդունում է, որ դա լինում է թեթևակի ապտակ թուրքերին, որը նշանակում է, թե «գործընթացն արագացրեք», դրանից հետո` ապրիլի 24-ին, Օբաման համեմատաբար մեղմ ձևակերպում է տալիս Ցեղասպանությանը, ինչպես անցյալ տարի, որով իրենց (թուրքերին` խմբ.) հարցնում է, «արդյոք հարցը լուծու՞մ եք, թե՞ ոչ»»,- մանրամասնեց բանախոսը:

«Այս պահի դրությամբ այս ամենը խաղեր են` գործընթացն արագացնելու համար»,-եզրափակեց Պ. Հայրիկյանը:
 

Պ. Հայրիկյան. Բանաձևի ընդունումը ապտակ է Թուրքիային