Կուստուրիցան խոստացել է աջակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
06/03/2010 14:56

Կուստուրիցան խոստացել է աջակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է, և Երևանում երեկ կայացել է նրա ղեկավարած «The No Smoking Orchestra» խմբի համերգը:

«Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, և Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին», - ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` ասել է նախագահ Սարգսյանը:

Էմիր Կուստուրիցան Հանրապետության Նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները:

«Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, և ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս` արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը:

Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաև իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա միաժամանակ ասել է. որ կգործադրի հնարավոր ջանքերն` աջակցելու հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
 

Կուստուրիցան խոստացել է աջակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին