.jpg)
Ս. Գուբայդուլինայի օրերը «21-ի հեռանակրներ» փառատոնում
«21-ի հեռանկարաներ» երաժշտական 11-րդ փառատոնն այսօրվանից մինչև մարտի 10-ը ներկայացնում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինիայի օրերը Հայաստանում: Ինչպես Aysor-ին հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Ս. Գուբայդուլինայի օրերը նշանավորվելու են երեք համերգներով, որոնց ներկա է գտնվելու կոմպոզիտորը, ինչպես նաև` մի շարք անվանի երաժիշտներ ամբողջ աշխարհից:
Այսօրվա համերգին, որը տեղի է ունենալու 19:30-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, իր մասնակցություն է ունենալու նաև աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը: Նա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է Ս. Գուբայդուլինայի հանրահայտ Ալտի կոնցերտը, որը հատուկ գրվել է իր համար:
Ինչպես տեղեկացրեց Ս. Հովհաննիսյանը, կոմպոզիտոր Ս. Գուբայդուլինային նվիրված օրերի շրջանակում համերգներ տեղի կունենան նաև մարտի 9-ին` Կամերային երաժշտության տանը, և մարտի 10-ին` Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգներին իրենց մասնակցությունը կունենան Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ), ինչպես նաև` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» կամերային երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը և մի շարք մենակատարներ։
Հիշեցնենք, որ այս տարի փառատոնի բացումը նշանավորվեց աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանի համերգով, որը տեղի ունեցավ մարտի 5-ին: Նշենք նաև, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հարկ է նշել, որ փառատոնն առաջին անգամ չէ, որ կազմակերպում է ժամանակակից կոմպոզիտորների ու երաժիշտների արվեստին նվիրված օրեր: 2008 թ-ից սկսած արդեն ներկայացրել է Քշիշտոֆ Պենդերեցկուն, Գիա Կանչելիին նվիրված օրեր, որոնք անցակցվել են բացառիկ ծրագրով և աշխարհի տարբեր երաժիշտների մասնակցությամբ:
Տեղեկացնենք, որ Սոֆյա Գուբայդուլինան մեր դարաշրջանի ամենահանրահայտ կոմպոզիտորներից մեկն է։ Նրան ստեղծագործություններ են պատվիրել և կատարել գրեթե բոլոր անվանի նվագախմբերը, դիրիժորները և մենակատարները, որոնց թվում են «BBC»-ի, Նյու Յորքի և Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սայմոն Ռեյթլը, Քենթ Նագանոն, Աննե Սոֆի Մուտերը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը և այլոք։ Կոմպոզիտորը 79 տարեկան է, ազգությամբ թաթար։ 1992 թ.ից բնակվում է Գերմանիայում։ Ստացել է Կաննի փառատոնի, Ճապոնիայի կայսերական, Գերմանիայի պատվո ասպետի և մի քանի տասնյակ այլ պարգևներ և մրցանակներ։