20/03/2010 10:56
Էրդողանը մեղադրել է ԶԼՄ-ներին իր խոսքերը խեղաթյուրելու մեջ
Թուրքիայի վարչապետը մեղադրել է ԶԼՄ-ներին Թուրքիայում բնակվող հայ միգրանտներին վտարելու մասին իր խոսքերի իմաստը խեղաթյուրելու մեջ: Ինչպես նախօրեին հայտարարել է Էրդողանը, ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել իր խոսքերը, տեղեկացնելով, թե, իբր, նա սպառնացել է վտարել Թուրքիայում գտնվող բոլոր հայերին:
Ամերիկայի ձայնը հաղորդում է, որ թուրքական կառավարության ղեկավարն ընդգծել է, թե իր մտքերը վերաբերում էին միայն ապօրինի միգրանտներին:
Հիշեցնենք, որ Բի Բի Սի-ի թուրքական ծառայության լրագրողի հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է վտարել շուրջ 100 հազար` Թուրքիայում ապօրինի գտնվող հայերին: Այդ հայտարարությունը հաջորդել էր նրան, որ շվեդական և ամերիկյան օրենսդիրները բանաձև են ընդունել, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը որակվել է որպես Ցեղասպանություն: Թուրքական վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիայում ապրող շուրջ 170 հազար հայերից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ: