Արթուր Աբրահամ. «Անդրե Դիրրելը տղամարդ չէ»
13/04/2010 20:54

Արթուր Աբրահամ. «Անդրե Դիրրելը տղամարդ չէ»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Դեթրոյթում մարտի 27-ին ամերիկացի Անդրե Դիրրելի հետ «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում անցկացրած մենամարտում առաջին պարտությունը կրեց իր կարիերայում: Արթուրը որակազրկվեց «ընկնող մրցակցին» հարվածելու համար: Դիրրելը հայտնվեց նոկաուտում կամ սոսկ վարպետորեն ձևացրեց, թե նոկաուտ է տարել, իսկ արդյունքում թափ հավաքող Աբրահամն ստիպված էր պարտված լքել ռինգը: «Արքա Արթուրն» իրավիճակը կարող է շտկել խմբային փուլի երրորդ տուրում, բրիտանացի Կառլ Ֆրոչի հետ մենամարտում: «Սպորտի» թղթակիցը զանգահարել է Բեռլին և զրուցել հայ մարզիկի հետ: Այդ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

- Արթուր, ինչպիսի՞ն է կատարվածի ձեր վարկածը` կապված այն դրվագի հետ, երբ հարվածեցիք ծնկի վրա հայտնված Անդրե Դիրրելին:

- Ես հասկացա, որ Անդրեն հիանալի դերասան է: Ամերիկացին տղամարդ չէ: Նա չցանկացավ կռվել մինչև վերջ: Պարզապես օգտվեց լավ պահից և այդ կերպ խուսափեց պարտությունից:

- Բայց չէ՞ որ Դիրրելը միավորներով առջևում էր…

- Հետո ինչ, որ առջևում էր: Իմ ռաունդներն սկսվում են 6-րդից հետո: Հանդիպման երկրորդ կեսում բեկեցի մենամարտի ընթացքը և սկսեցի թելադրել իմ կամքը: Արդեն զգում էի որսը, սակայն ամերիկացին էժան պրծավ: Եթե նա այդ ժամանակ կանգներ, հավատացեք, մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը կկարողանայի հաղթել նրան: Առավել ևս, որ մրցաշարի կանոնակարգում նոկաուտով հաղթանակի համար լրացուցիչ միավոր է տրվում:

- Հարվածի պահին չտեսա՞ք, որ հակառակորդն արդեն ծնկի վրա է:

- Իհարկե, չտեսա: Մենամարտը միշտ սթրես է: Ես նայում էի Դիրրելի գլխին: Նկատեցի, որ նա սահում է ներքև: Մտածեցի, որ մրցակիցը խոնարհվում է: Ռինգի մրցավարը նույնպես չահազանգեց, որ Անդրեն արդեն ծնկով դիպել է հատակին: Ես էլ հարվածեցի:

- Դիրրելը վստահեցնում է, որ ձեր որակազրկմամբ նրանից խլել եք փառքի պահը: Իբր, Աբրահամի պատճառով նա մենամարտից հետո հարցազրույցներ չի տվել և չի ներկայացել պլանավորված մամուլի ասուլիսին:

- Եթե մարդը հաղթել է մրցակցի առավել քան կասկածելի որակազրկման միջոցով, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Նա ընկավ, նոկաուտի մեջ էր և արտասվում էր: Եվ նա հաղթեց. մի՞թե դա նորմալ է:

- Ձեր պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը բողոքարկել է որակազրկումը: Հաղթելու հնարավարություններ կա՞ն:

- Իմ խնդիրն է մտնել ռինգ և մենամարտել, իսկ պրոմոուտերը պետք է պաշտպանի իմ իրավունքները: Ես գիտեմ միայն, որ իմ թիմը պահանջում է չեղյալ հայտարարել մենամարտի արդյունքը: Առաջին` մրցավարը չի հաշվել, որ Դիրրելը նոկդաունի մեջ է եղել 10-րդ ռաունդում: Երկրորդ` մրցավարն ամերիկացուն չի զգուշացրել գոտկատեղից ցածր հարված կատարելու համար: Գումարած դրան, ինչպես արդեն նշեցի, նա չխանգարեց ինձ այն պահին, երբ հասցնում էի այդ չարաբաստիկ հարվածը:

- Կառլ Ֆրոչի հետ հանդիպելու եք օգոստոսի 21-ին: Մենամարտը Նոթինգհեմո՞ւմ է կայանալու, թե՞ դեռ հանդիպման վայրի հարցը վերջնականապես չի լուծվել:

 

- Եթե Ֆրոչը ապրիլի 24-ին հաղթի դանիացի Միկել Կեսլերին, ապա նրա հետ կմենամարտեմ Բեռլինում:

- Չե՞ք պատրաստվում ապրիլի 24-ին մեկնել Դանիա և հետևել Ձեր ապագա մրցակցի մարտին:

- Ոչ: Այդ օրը ես կլինեմ Երևանում` հարգելու այն հայերի հիշատակը, ովքեր 1915 թ. զոհվել են թուրքերի ձեռքով:

- Դուք ծառայել եք Հայաստանի բանակում: Եֆրեյտոր այդպես էլ չդարձա՞ք:

- Ոչ, շարքային մնացի: Ծառայում էի սպորտային վաշտում, իսկ այնտեղ կոչման հետևից չեն ընկնում:

- «Դեդավշչինայի» չե՞ք բախվել:

- Ոչ: Կարծում եմ` զինվորները հասկանում էին, թե դա ինչ ավարտ կարող է ունենալ: Արդյունքում մեկ շաբաթ հետո ես արդեն «ծերուկ» էի համարվում:

- Այն բանից հետո, երբ Գերմանիայի քաղաքացիություն ստացաք, Ձեզ կարո՞ղ են գերմանական բանակ զորակոչել:

- Դժվար թե: Չէ՞ որ արդեն ծառայել եմ:

- «Sauerland Event»-ում Ձեր թիմակից Ալեքսանդր Պովետկինն արդեն աշնանը կարող է ռինգ մտնել ընդդեմ Վլադիմիր Կլիչկոյի: Ի՞նչ եք կարծում, Սաշային այդ մարտը պե՞տք է:

- Պովետկինն արդեն 2,5 տարի է` չեմպիոնական կոչման պարտադիր հավակնորդ է: Սաշան ժամանակ է կորցնում: Իսկ ժամանակը, ինչպես հայտնի է, փող է: Միայն թե չարժե այդ մենամարտի վերաբերյալ կանխատեսումներ անել: Քանի դեռ նրանք չեն հանդիպել, ոչ ոք չի կարող ասել, թե ով կհաղթի:

Արթուր Աբրահամ. «Անդրե Դիրրելը տղամարդ չէ»