ԿԽՄԿ ներկայացուցիչը չներկայացրեց հայազգի գերիների վիճակը
13/04/2010 17:11

ԿԽՄԿ ներկայացուցիչը չներկայացրեց հայազգի գերիների վիճակը

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Հայաստանում գտնվող ադրբեջանցի 1 ռազմագերուն և 1 քաղաքացիական անձին:

Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը` հավելելով, որ նշված անձիք նաև կապ ունեն իրենց ընտանիքների հետ:

Նշելով, որ Ադրբեջանում է գտնվում 6 հայազգի ռազմագերի, բանախոսն ասաց, որ ԿԽՄԿ պատվիրակները ևս այցելում են նրանց, և նրանք ևս կապ ունեն իրենց ընտանիքների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկյացուցիչներն օրեր առաջ հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը ամիսներով խոչընդոտում է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին գերիների հետ տեսակցել կամ կապ հաստատել ընտանիքների հետ: Անգամ նշվում էր այն մասին, որ Ադրբեջանի ԱԱԾ աշխատակիցները ներկայացել են որպես Կարմիր Խաչի ներկայացուցիչներ և փորձել են համոզել հայազգի գերիներից մեկին չվերադանալ հայրենիք:

Պարզաբանելով ԳՇ ներկայացուցիչների այդ հայտարարությունը, Աշոտ Աստաբացյանը միայն ասաց, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձության գործընթացի ժամանակ հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ:

«Երբ որ երկու կողմերը համաձայնության են գալիս հայրենադարձության վերաբերյալ և դիմում են մեզ, մենք տրամադրում ենք մեր ծառայությունը, որպեսզի այդ գործողությունը կատարվի»,- ասաց նա` ավելացնելով, որ մինչև ռազմագերու վերադարձնելը ԿԽՄԿ ներկայացուցիչներն հանդիպում են նրանց հետ` առանց վկաների, որպեսզի հավաստիանան, որ հանձնումը ռազմագերու կամքով է իրականացվում:

Աշոտ Աստաբացյանը նաև զերծ մնաց պատասխանելու այն հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը երբիցե խոչընդոտե՞լ է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին մասնակցել հայրենադարձմանը` ասելով, որ հայրենադարձությունը կարող է կատարվել նաև առանց Կարմիր Խաչի մասնակցության:

«Գաղտնիության հանգամանքից ելնելով» Աշոտ Աստաբացյանը պարզաբանում չտվեց նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների պահման պայմանների, իրավունքների պաշտպանության և ադրբեջանական կողմից Ժենևյան կոնվենցիայի խախտման դեպքերի մասին լրագրողների հարցադրումներին:

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցերին: Հարգելի գործընկերներ, դուք պետք է հասկանաք, որ եթե ես նման տվյալներ հրապարակեմ, ապա մենք ուղղակի այդ մարդկանց չենք կարող այցելել»,- ասաց բանախոսը:
 

ԿԽՄԿ ներկայացուցիչը չներկայացրեց հայազգի գերիների վիճակը