.jpg)
Ադրբեջանում մեծանում է ընդդիմադիր կուսակցականների թիվը
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ` Ադրբեջանի իշխանությունները բնակչության մեջ ընդդիմության նկատմամբ հավատը ոչնչացնելու նպատակով դիմում են տարբեր մեթոդների, այդ թվում` զանազան ձևերով արշավներ են սկսում ընդդիմադիր կուսակցությունների դեմ: Թեև շատ դեպքերում այդ արշավներն արդյունավետ չեն, սակայն իշխանությունը չի հրաժարվում հակաքարոզչության իր այդ ձևերից, գրում է մուսավաթ.քոմը:
Ընդդիմության դեմ իշխանությունների սկսած արշավի վերաբերյալ «Ենի մուսավաթ»-ի հարցումներին ի պատասխան` Ադրբեջանի «Ումիդ» (Հույս) կուսակցության գլխավոր խորհրդի ղեկավար Էնվեր Աղազադեն ասել է, որ ընտրություններից առաջ կուսակցությանն անդամագրվելու դիմում են ներկայացրել մեծ թվով ճանաչված մարդիկ: «Կուսակցության շարքերի ընդլայնումը մշտական բնույթ է կրում: Սակայն ընտրություններից առաջ կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել մեծ թվով հանրահայտ մարդիկ: Կուսակցությանն անդամագրվողների մեծամասնությունը երիտասարդներ են»,- ասել է նա:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության գլխավոր խորհրդի նախագահ Հասան Քերիմովը նույնպես հավաստիացրել է, որ մեծ ներհոսք է սկսվել դեպի կուսակցություն: «Մի քանի օր առաջ 12 երիտասարդ է անդամագրվել կուսակցությանը: Շրջանային կազմակերպություններից ստացված տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ Ժողճակատին անդամագրվողների թիվը շատ մեծ է»,- ասել է Հ.Քերիմովը:
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Մեհման Ջավադօղլուն ասել է, որ կուսակցությանն անդամագրվելու ավելի շատ դիմումներ ստացվում են շրջանային կազմակերպություններում. «Ընտրությունների շեմին կուսակցությանն անդամագրվողների թիվն աճել է ոչ միայն Բաքվի, այլև շրջանային կազմակերպություններում»:
Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Հասրեթ Ռուստամովի խոսքերով էլ, Ադրբեջանում մշտապես նկատվող կուսակցական պասիվության ֆոնին` այս անգամ մեծ թվով մարդիկ ցանկություն են հայտնել անդամագրվել իրենց կուսակցությանը: