.jpg)
Աարոն Չեյխանովերը պարգևատրվեց ԿԳՆ ոսկե հուշամեդալով
Հայաստանում է հրեա բժիշկ, 2004թ.-ին Նոբելյան մրցանակի արժանացած կենսաքիմիկոս Աարոն Չեյխանովերը: Այսօր նա հյուրընկալվել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպմանը նշեց, որ առաջին անգամն է, որ Հայաստանում հյուրընկալվում է Նոբելյան մրցանակակիր, ով կհանդիպի ուսանողների հետ ու դասախոսություններ կկարդա:
«Այն հաջողությունները, որ Իսրայել պետությունն ունի գիտության ոլորտում, նրանից է, որ գիտությունը պետական լուրջ աջակցության է արժանանում: Մեզ համար կարևոր է իր փորձն ու մոտեցումները գիտության մեջ` հաշվի առնելով իր մասնագիտական կողմնորոշումները»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հյուրին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ բարձրագույն` ոսկե հուշամեդալով, ապա նկատեց, որ առաջին անգամն է պարգևատրում արտասահմանցու, ուստի ներողություն խնդրեց պատվոգիրը միայն հայերեն ներկայացնելու համար:
Դրանից բացի, նախարարը Աարոն Չեյխանովերին նվիրեց նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձաններին վերաբերող գիրք:
Աարոն Չեյխանովերը, շնորհակալություն հայտնելով նախարարությունում ջերմ ընդունելության համար, նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է իր համար, և խոստովանեց, որ երեկվանից «ֆանտաստիկ» օրեր է անցկացնում Հայաստանում:
«Ես շատ եմ կարդացել Հայաստանի մասին, տեղյակ եմ պատմությունից, և այժմ վայելում եմ այն: Գտնում եմ, որ գիտությունը սահմաններ չի ճանաչում, մենք դաստիարակում ենք ապագա գիտնականներին, իսկ գիտության հիմքում ընկած է լավ կրթությունը»,- ասաց Չեյխանովերը:
Վերջում նա հավելեց, որ Նոբելյան մրցանակն իր կյանքում բացառիկ ոչինչ չի փոխել, միայն Նոբելի հզոր անունն է ավելացրել, որով գիտնականն իր գիտելիքային ֆոնդն է փոխանցում աշխարհին: