.jpg)
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը նամակ է հղել Օբամային
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ֆորումի անունից նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Մեծարգո Նախագահ
Պարոն Բարաք Օբամա
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ անցյալ տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր ուղերձում «Մեծ Եղեռն» բառեզրը օգտագործելու համար: Դա ընդունելով որպես առաջընթաց` միաժամանակ խնդրում ենք այս տարվա Ձեր ելույթում օգտագործել «Ցեղասպանություն» միջազգային բառեզրը և հնարավորություն տալու ԱՄՆ-ի Կոնգրեսին հաստատելու թիվ 252 բանաձևը` ընդունված Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Մեծարգո պարոն Նախագահ, ես դիմում եմ Ձեզ խնդրանքով հարգելու աշխարհասփյուռ հայության տառապանքները` կապված Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից անտեսելու, արդարությունը կեղծելու, ճշմարտության դեմ մեղանչելու խնդրի հետ և վավերացնելու Հայոց ցեղասպանության փաստը: Ցեղասպանության փաստի վավերացումը կստիպի Թուրքիային հարգելու միջազգային կարծիքը և հաստատելու իր կարևոր հարևանի` Հայաստանի, հետ բարիդրացիական հարաբերություններ: Հավատացեք, որ սա ամենաիրատեսական ու արդարացի ուղին է հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման հարցում»:
Նամակը հղվել է ԵՀՄ Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի անունից: