.jpg)
Հայ և հրեա ժողովրդի նմանությունները` հրեա բժշկի դիտարկմամբ
«Բացառիկ հաճույք եմ ստանում` պարզապես քայլելով Երևանի փողոցներով, համտեսելով կերակուրը, որը շատ համեղ է, մարդկանց հետ շփվելով»,- ասաց հրեա բժիշկ, Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեյխանովերը` հյուրընկալվելով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում:
Նա նշեց, որ հրեա և հայ ժողովուրդների միջև կան նմանություններ, ընդհանուր ճանակատագիր, նաև նկատեց, որ երկու երկրներն էլ Չինաստան, Ռուսաստան ու ոչ էլ ԱՄՆ են, տարածքով ու բնակչության թվով փոքր են, ուստի, ըստ գիտնականի, պետք է զարկ տալ գիտությանը:
«Երկու ժողովուրդս էլ խաղաղության համար պայքարող ժողովուրդ ենք, երկուսս էլ պայքար ունենք տանելու: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ սպանում միմյանց, մենք ստեղծում ենք դեղեր, որոնք օգտագործում են Իրանում, որը լարվել է Իսրայելի դեմ: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է դադարեն սպանել միմյանց, նրանք պետք է սիրեն միմյանց, լավ վերաբերվեն իրար»,- ասաց Չեյխանովերը:
Բժիշկը գտնում է, որ պետք է մոռանանք քաղաքականության մասին, զբաղվենք լուրջ գիտությամբ, և դա, նրա համոզմամբ, կդառնա հաջողության գրավական. «Իսրայելը Հայաստանի պես փոքր պետություն է, և մենք մեր ապագան կապում ենք նորագույն տեխնոլոգիաների հետ: Կարծում եմ, Հայաստանը ևս պետք է այդ ճանապարհով գնա»:
Աարոն Չեյխանովերին հյուընկալած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ 21-րդ դարում մեր մրցունակցությունն ու արևի տակ մեր եղած տեղը պահպանելու համար Հայաստանն այլ ելք չունի, քան զարկ տալ կրթությանն ու գիտությանը:
Նախարարի խոսքով, դա թույլ կտա մեզ ապահովել բարձրակարգ կրթությունն ու բարձրակարգ տնտեսությունը:
«Մեր հասարակությանը հանգիստ չի տալիս նաև ուղեղների արտահոսքը: Մեր նախարարությանը հետաքրքրում է բուհերում գիտության զարգացումը, որովհետև ամբողջ առավել մրցունակ հասարակություններում գիտությունը տարվում է բուհերում: Աշխարհում գիտելիքը պահանջված է, և մարդկության արժեհամակարգի մեջ որևէ այլ բանով փոխարինելի չէ»,- հավելեց Աշոտյանը: