Ա.Մելիքյան. «Մայիսին կարելի է ակնկալել նոր զարգացումներ»
13/04/2010 12:38

Ա.Մելիքյան. «Մայիսին կարելի է ակնկալել նոր զարգացումներ»

«Սա հերթական միջանկյալ հանդիպում էր, որը կողմերի համար ուներ մարտավարական նշանակություն, պարզապես այդ մարտավարական նպատակներն իրենց կշռով շատ տարբեր էին»,- կարծում է քաղաքական գործիչ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը` Վաշինգտոնում նախօրեին տեղի ունեցած Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպման վերաբերյալ:

Ըստ նրա, եթե Հայաստանի համար հանդիպումը «հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ առավելությունների հասնելու հնարավորություն էր, ապա Թուրքիայի և ԱՄՆ-ի պարագայում նպատակներն ավելի բարձրակարգ էին և ավելի գլոբալ»: Ա.Մելիքյանը նշեց նաև, որ մոտ ապագայում կերևան նոր իրավիճակի ձևավորման նախանշանները:

«Արդեն մայիսին կարելի է ակնկալել նոր զարգացումներ, ընդ որում, առավել հավանական եմ համարում այն, որ թերևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է էապես դանդաղել և պահանջ կառաջանա նոր տարրերի ներմուծման»,- մանրամասնեց Ա. Մելիքյանը:

Նման տեսակետը քաղաքական գործիչը բացատրեց այն հանգամանքով, որ «հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները համատեղ կամ առանձին հայտարարությամբ հանդես չեկան»:

Քաղաքական գործիչը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարն այցելել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին, քանի որ «հենց Վուդրո Վիլսոնն էր գծել Հայաստանի այն սահմանները, որոնք մենք այդքան երազում էինք, բայց որոնց չենք հասել»:

«Այնտեղ այցելելով` գուցե Հայաստանի իշխանությունները խորհրդանշական իմաստով փորձեցին ցույց տալ թե´ Թուրքիային և թե´ հայ հանրությանը, որ իրենք հանդես են գալու կոշտ դիրքերից»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Մելիքյանը:
 

Ա.Մելիքյան. «Մայիսին կարելի է ակնկալել նոր զարգացումներ»