.jpg)
ՄԻՊ-ը «ԳԱԼԱ»-ի հարցով դիմել է ՊԵԿ-ին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Խաչատրյան,
Վերջին օրերին մամուլում հրապարակված հոդվածների համաձայն` «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տեխնիկական վերազինման ժամանակացույցին համապատասխան ներկրել է նոր տեխնիկական սարքավորումներ, որոնց մաքսազերծման գործընթացն արհեստականորեն ձգձգվում է, չնայած որ Հ/Ը-ն կատարել է ապրանքի մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթային պարտավորությունները և պատրաստ է կատարել մուծումները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետը Գյումրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կ. Հարությունյանի դիմումին ի պատասխան 07.04.2010թ. թիվ 165 գրությամբ հայտնել է, որ մաքսային ձևակերպումների կասեցումը կատարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրիի տարածքային հարկային տեսչության գրության և տեղեկանքի հիման վրա:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ հայտնել, թե որ իրավական ակտի հիման վրա է հարկային տեսչության գրության և տեղեկանքի համաձայն պաշտոնատար անձի կողմից կասեցվել Գյումրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող բեռի մաքսային ձևակերպումները: Եթե չկա նման իրավական ակտ` միջոցներ ձեռնարկել ՍՊԸ-ի իրավունքները վերականգնելու կապակցությամբ և արդյունքների մասին տեղեկացնել ինձ»: