Բռնել ձեռքը, որը կառուցապատել է պուրակները
13/04/2010 19:52

Բռնել ձեռքը, որը կառուցապատել է պուրակները

Երևանի քաղաքապետարանում այսօր` հասարակական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվեց «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման» տեխնիկական առաջադրանքը:

«Բավականին ուսումնասիրություններ են կատարվել, գլխավոր հատակագծի ընդունումից 5-4 տարի է անցել , դրանից հետո մշակել ենք գոտիավորման նախագծեր, վերլուծություն ենք կատարել գլխավոր հատակագծի իրականացման ընթացքի վերաբերյալ, քաղաքին հողեր են վերադարձվել, սահմաններն են ճշտվել, և բոլորը ցույց է տալիս, որ գլխավոր հատակագծի որոշակի բաժիններով որոշակի ճշտումների կարիք կա»,- ասաց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

Քաղաքի համար նա կարևորեց Աէրացիայի վերագործարկումը, խորհրդային տարիներից մնացած և այժմ ըստ նպատակի չօգտագործվող արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների խնդրի լուծումը: Ս. Դանիելյանը նաև հայտնեց, որ նախատեսում են գույքագրել քաղաքի կանաչ տարածքները, իսկ որոշ ծառատեսակներ փոխարինել այլ ծառերով, որոնք ավելի շատ են կլանում ծանր մետաղներ:

«Սա կյանքին զուգահեռ գնալու անհրաժեշտություն է նաև տարածքների նպատակային օգտագործման տեսակետից, բնակչության աճի տեմպերի, սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված խնդիրներ կան, որոնք ճշգրտում են գլխավոր հատակագծում: Դրանք այսօր պետք է անպայման հաշվի առնվեն, որպեսզի այդ փաստաթուղթը լինի ժամանակի հետ համահունչ»,- նշեց Ս. Դանիելյանը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը համոզիչ համարեց, որ կյանքը շարունակվում է և չի կարող փոփոխություններ չմտցնել նախագծում: Սակայն, նրա կարծիքով, անհասկանալի է մոտեցումը, որ ծառատեսակների մի մասը պետք է փոխարինվի մեկ այլ ծառատեսակներով. «Պետք է ավելացնել կանաչ տարածքները և շատ ծառ տնկել, ոչ թե ի հաշիվ այլ ծառատեսակների»:

Ա. Պողոսյանի խոսքով, ինքը դեռ պատասխան չի ստացել իր այն հարցադրմանը, թե ո՞վ պետք է բռնի այն ձեռքը, որը պուրակներում գարեջրատուն է կառուցում:

«Մենք ուզում ենք, որ այդ ձեռքերը բռնվեն, որոնք չափազանց խիտ կառուցապատել են մեր զբոսայգիներն ու պուրակները շինություններով և մեր մանուկները համարյա հնարավորություն չունեն ազատորեն օգտվելու: Հիշեցնեմ, որ կանաչը ստեղծված է վրան ման գալու համար: Կանաչը մեզ մոտ այնքան քիչ է, որ մենք մտածում ենք պարսպապատել այն, որպեսզի մուտքը սահմանափակենք: Մինչդեռ մանուկները պետք է կանաչի վրա ման գան»,- նշեց Ա. Պողոսյանը:

Բռնել ձեռքը, որը կառուցապատել է պուրակները