.jpg)
Արմռոբոտիքսը` Երևանում մայիսի 28-ին
Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության (ArmRobotics) շրջանակներում «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանի Սիրահարների այգում մայիսի 28-ին և նվիրված կլինի Հայաստանի Առաջին Հանրապետության տոնակատարություններին:
Առաջնությունն 2008 թ-ից իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Առաջնության անցկացման նպատակն է համախմբել Հայաստանի և սփյուռքի հայ երիտասարդներին, երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքում մեր հայրենակիցների գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:
«Մրցույթի ընթացքում մասնակիցների կողմից նախագծված և կառուցված ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները և դրանց դասավորությամբ քարտեզն ուղարկեն սերվերին»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց Արմռոբոտիքս մենեջեր Մարիամ Նահապետյանը:
Եզրափակիչ փուլին մասնակցելու են 13 թիմեր Հայաստանից և 1 թիմ Իրանից, այդ թվում 2 թիմեր էլ կազմված կլինեն հայ և իրանցի ուսանողներից: Ըստ Մ. Նահապետյանի, մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա. «Մեր ամենափոքր մասնակիցը 11 տարեկան է»:
Մ. Նահապետյանը տեղեկացրեց, որ առաջին տեղի համար սահմանված է 250 հզ. դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 150 հզ., և երրորդ տեղի համար` 100 հզ. դրամ մրցանակ:
Հիշեցնենք, որ նախապես ծրագրված էր «Ական փնտրող ռոբոտ» և «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերն անցկացնել մայիսի 9-ին Շուշիում, սակայն, ինչպես նշեց Մ. Նահապետյանը, տեխնիկական խնդիրների պատճառով վայրը փոխվել է:
Նա նաև նշեց, որ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվելու է հունիսին. «Կկազմակերպվի վիրտուալ ռոբոտների մրցույթ. ֆուտբոլիստները ֆուտբոլ կխաղան»: