.jpg)
Տեղի է ունեցել ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը: Նիստում բացման խոսքով հանդես է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել 2010 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրությունը: Նա մասնավորապես, նշել է. «Այս պահի դրությամբ մենք ունենք համախառն ներքին արդյունքի 5.5 տոկոս տնտեսական աճ, որը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր 2010 թվականի բյուջեի հիմքում դրված է 1.2 տոկոս կանխատեսում: Ընդ որում, այն հիմնականում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում` 10.4 տոկոս: Առաջին անգամ մենք նաև արձանագրել ենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ` շուրջ 10 տոկոս, որովհետև նախորդ տարի մշտապես էլեկտրաէներգիայի արտադրության նվազում էր արձանագրվում, որը պայմանավորված էր պահանջարկի նվազմամբ: 3.2 տոկոս աճ է նկատվել նաև գյուղատնտեսության ոլորտում: Պետք է նշել, որ այս հիմնական ուղղություններում աճը եղել է այն պայմաններում, երբ մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը` վերջին 10 տարիներին տնտեսական աճ ապահովող շինարարությունը, դեռևս շարունակում է իր անկումը: Մենք առաջին եռամսյակում ունեինք 0.6 տոկոս անկում շինարարության ոլորտում, և չնայած այդ հանգամանքին` մնացած բոլոր ճյուղերն ապահովել են բավական կայուն աճի տեմպեր: Կարևոր է, որ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 1 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալն է աճել 6.2 տոկոս` առանց առևտրի: Սա պայմանավորված է նաև նրանով, որ տուրիզմի ծավալները 5.5 տոկոսով աճել են, ընդ որում` ուղևորափոխադրումները «Զվարթնոց» օդանավակայանում հենց 5.5 տոկոսով են աճել»:
Անդրադառնալով հարկային դաշտում արձանագրված ցուցանիշներին` վարչապետն ընդգծել է. «Մենք գերակատարել ենք հարկային եկամուտները. առաջին 4 ամիսների ընթացքում հավաքել ենք ավելի շատ հարկեր, քան ծրագրել էինք և կատարել ենք ավելի քիչ ծախսեր, քան պլանավորել էինք: Դա նույնպես դրական է ազդել գնաճի վրա»:
Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել համաշխարհային տնտեսական ճգնաժամի վերաբերյալ կանխատեսումները. «Տեղյակ եք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն անցյալ շաբաթ վերանայեց համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները` դեպի բարձրացում, որովհետև առաջին հերթին անցումային երկրները, զարգացող երկրները ապահովել են լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր ԱՄՖ-ի կողմից»:
Օրակարգը հաստատելուց հետո ՀԱՄՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախորդ նիստի արձանագրությունը և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները:
ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է 2010 թվականի փետրվարի 15-մայիսի 1-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունը: Օրակարգային հարցերի շարքում ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն անդրադարձել են ՀԱՄՀ հաղորդակցության և արտաքին կապերի ռազմավարության ու ծրագրերի զարգացման համար ֆինանսավորման հարցերին:
Քննարկման առարկա են դարձել նաև «Համահայկական ցանց» նախագծի հանձնաժողովի հանձնարարականները և գործողությունների ծրագիրը, «Համահայկական բանկի» վիճակի վերաբերյալ զեկույցը:
Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել առողջապահության ոլորտի մի շարք նախագծեր, որոնց քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարը: Խոսվել է Միջուկային բժշկության ծրագրերի իրականացման ընթացքի և հետագա քայլերի մասին:
Նիստում անդրադարձ է արվել «Տաթևի վերածնունդ» ծրագրին: Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հաջորդ նիստի վայրը և ժամանակը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երեկոյան վարչապետը և խորհրդի անդամներն ուղիղ տեսակապով միանալու են Հարվարդի համալսարան, որտեղ տեղի է ունենալու «Լույս» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը: Վարչապետը և հոգաբարձուների խորհրդի անդամները գիտաժողովի մասնակիցներին կդիմեն ողջույնի խոսքով: