.jpg)
«Արձանագրությունների վավերացումը սառեցված չէ»
Հայ-թուրքական հարաբերությունները և հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների վավերացումը չեն սառեցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ով համոզված է, որ «միջազգային քամիների փչելու դեպքում` Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի, շատ հանգիստ արձանագրությունները կհայտնվեն խորհրդարանում»:
«Եթե հաշվի առնենք քաղաքական մեծամասնության հայտարարություններն անցած ամիսների ընթացքում, մեծ է հավանականությունը, որ նույն արագությամբ էլ կվավերացվեն»,- ընդգծեց Հ. Առաքելյանը:
Հ. Առաքելյանի խոսքերով, արձանագրություններն իրենց էությամբ անցած ամիսների ընթացքում դարձան պառակտիչ գործոն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ հավատում է` «հայ-թուրքական հարաբերությունները կօգնեն ու կդառնան համախմբիչ գործոն»:
Այս առիթով ՀՌԱԿ նախագահը նշեց, որ Հայաստանը չպետք է սպասի, հատկապես, որ թուրքական կողմը ցույց տվեց, որ «պատրաստ չէ նման գործելաոճի, որ խաղեր է խաղում, որ անընդհատ խոսում է նախապայմանների լեզվով»: Նա Հայաստանի քաղաքական մեծամասնությանն առաջարկեց 3 հիմնական քայլեր ձեռնարկել:
«Նախ Հայաստանը պետք է ընդունի օրենք` Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժելու վերաբերյալ, ինչն արել են Ֆրանսիայի և Շվեյցարիայի խորհրդարանները»,- նշեց Հ. Առաքելյանը:
Մյուս քայլը, ըստ կուսակցության նախագահի, այն է, որ ՀՀ-ն պետք է Ցեղասպանության հարցը քաղաքական հարթությունից տեղափոխի դեպի միջազգային իրավունքի հարթություն:
«Ժամանակն է, որ մենք մեր հարևանների հետ ունեցած վեճը լուծենք 21-րդ դարին հարիր ձևով` դիմելով միջազգային դատարան»,- մանրամասնեց Հ. Առաքելյանն ու հավելեց, որ Հայաստանը պետք է մի շարք լրացուցիչ օրենքներ ընդունի: