Կ. Ռուբինյան. Հայաստանը զիջումների նախադեպ ստեղծեց
01/05/2010 14:57

Կ. Ռուբինյան. Հայաստանը զիջումների նախադեպ ստեղծեց

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում դրականը միայն այն է, որ իր նախաձեռնությամբ Հայաստանը որոշակի դիվանագիտական փորձ ձեռք բերեց, գտնում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Այսօր ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, թե հաշտեցման գործընթացը իրավական տեսանկյունից դեռ պահպանվում է, քանի դեռ արձանագրությունները շարունակում են մնալ երկու երկրների խորհրդարաններում, սակայն փաստացի այն տապալված է, և քիչ է հավանականությունը, որ երբևիցե կարող է վերսկսել նույն շրջանակներում:

Ըստ նախկին փոխխոսնակի, սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով նախաձեռնելով գործըթնացը` Հայաստանը նաև գնաց վտանգավոր զիջումների` համաձայնելով պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը և սահմաների ճանաչման վերաբերյալ լռությամբ:

«Հայ-թուրքական նոր ստեղծվող հարաբերություններում ստեղծվեց մի նախադեպ, ըստ որի` թուրքերը գիտեն, որ հայերը համաձայն են սակարկելու Ցեղասպանության խնդիրը և առանց որևէ փոխհատուցման ճանաչել Կարսի պայմանագիրը»,- ասաց նա և կարծիք հայտնեց, որ գործընթացը մեծ հարված հասցրեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչը որոշ առումով մեղմվեց ՀՀ նախագահ Սարգսյանի` Սիրիա և ԱՄՆ այցի շրջանակներում արված հայտարարություններով:

«Սական դա չի նշանակում, որ Սփյուռքը որևէ հանգրվանում սկսեց ողջունել Սերժ Սարգսյանի ֆուտբոլային քաղաքականությունը: Հակառակը` Սփյուռքը միակամորեն մերժեց այդ խայտառակ գործըթնացը և հիմա էլ նույն դիրքորոշման մեջ է»,- ասաց Կ. Ռուբինյանը:
 

Կ. Ռուբինյան. Հայաստանը զիջումների նախադեպ ստեղծեց