Բացվելու է Ք. Գունդակչյանի լուսանկարների ցուցահանդեսը
01/05/2010 18:27

Բացվելու է Ք. Գունդակչյանի լուսանկարների ցուցահանդեսը

Մայիսի 3-ին բացվելու է բանասեր, բառարանագիր Քեյթի Գունդակչյանի «Լեռնապատում հայոց» լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհը, Բայազետի շրջանը, Կարսը, Անին և մի շարք այլ շրջաններ:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեյթի Գունդակչյանը, ներկայացված են մոտ 80 լուսանկարներ, ցուցահանդեսը նախանշված է Ճարտարապետների ազգային թանգարան-ինստիտուտում:

«Արևմտյան Հայաստանի փոքրիկ պատառիկներ են, գլխավորը Արարատն է` հակառակ կողմից, Կարսի բերդը: Լուսանկարները ցուցադրվել են տարբեր զորամասերում, Ստեփանակերտում»,- նշեց հեղինակը:

Ք. Գունդակչյանը նաև նշեց, որ ըստ ճարտարապետների, իր լուսանկարներում կան այնպիսի տեսարաններ, որոնք այլ լուսանկարիչների աչքից վրիպել են, օրինակ` խաչքարների բեկորներ` շենքերի մեջ ագուցված և այլն:

Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանում տարբեր վայրերի, հուշարձանների լուսանկարման թույլտվությանը, ապա Ք. Գունդակչյանը նշեց, որ տեղեր կան, որտեղ պետականորեն թույլ չի տրվում լուսանկարել:

«Ոչ միայն թույլ չի տրվում, այլև չեն թողնում մոտենանք, օրինակ` տուրիստական երթուղիներից դուրս, իսկ եթե տուրիստական երթուղիների մեջ է` թույլ են տալիս»,- ընդգծեց աղբյուրը:

Ցուցահանդեսը կտևի մոտ մեկ շաբաթ:
 

Բացվելու է Ք. Գունդակչյանի լուսանկարների ցուցահանդեսը