.jpg)
Ցուցահանդեսի բացում. «Սարյանի արվեստը Պատերազմի տարիներին»
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մայիսի 3-ին տեղի կունենա նոր ցուցադրության բացում: Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը` ցուցադրությունը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:
Ցուցադրությունը կրելու է «Սարյանի արվեստը Հայրենական պատերազմի տարիներին» խորագիրը: Ներկայացվելու են մեծանուն նկարչի այն ստեղծագործությունները, որոնք ծնվել են Հայրենական պատերազմի տարիներին:
«Ցուցահանդեսը կարճատև է լինելու և ներկայացվելու է մինչև մայիսի 12-ը»,- հայտնեց Ս. Սարյանը:
Նշենք, որ տուն-թանգարանի այցելուներն այս ընթացքում կարող են տեսնել նաև «Մ. Սարյանը լուսանկարներում» խորագիրը կրող յուրօրինակ ցուցադրությունը, որի բացումը տեղի է ունեցել վարպետի ծննդյան օրը: Ս. Սարյանը հիշեցրեց, որ ներկայացված լուսանկարները վերամշակումներն են բոլոր այն լուսանկարների, որոնք արվել են տարբեր տարիներին` տարբեր ձևաչափերով ու որակով, և ներկայացնում են Սարյանի կյանքի ուղին: