.jpg)
Արագացուցիչը Հայաստան կբերվի 1.5 տարուց
Միջուկային բժշկության ծրագրի շրջանակներում շուտով բելգիական կողմի հետ արագացուցչի ձեռքբերման պայմանագիր կկնքվի: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեգոր Փափազյանը, բանակցությունների ընթացքում և Բելգիայի կառավարության դրամաշնորհի արդյունքում սարքի գինն ավելի մատչելի է լինելու:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտում այդ սարքի տեղադրման համար շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլն է սկսվում, նաև աշխատանքներ են տարվում ներդրումային ծրագրերի պլանավորման ուղղությամբ: Բ. Փափազյանի խոսքով, սարքը Հայաստանում կլինի արդեն 1.5 տարի հետո, այդ ժամանակ կավարտվեն նաև շենքի շինարարական աշխատանքները, իսկ 2.5 տարի հետո կսկսվի ռադիոիզոտոպների արտադրությունը:
«Այսօր ամենահրատապ հարցերից մեկը ներդրողներին գրավելն է»,- ասաց Բ. Փափազյանը:
Նա նշեց, որ առաջիկա 10 տարվա ընթացքում ֆիզիկայի ինստիտուտում կունենանք մի քանի արագացուցիչներ: Համապարփակ ծրագրի ներդրումները կկազմեն 40 մլն եվրո, միայն արագացուցիչն արժե 8 մլն եվրո:
«ՄաքԿենզի» ընկերության գործընկեր, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի բնորոշմամբ, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պետության, հիմնադրամի և մասնավորի մասնակցություն, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի օնկոլոգիական ծառայությունների կլաստեր:
Նա տեղեկացրեց, որ թեև հանրապետությունում կան մի քանի արագացուցիչներ, սակայն դրանք տարբեր ֆունկցիաներ են կատարում և չեն կարող մասնակցել իզոտոպների արտադրությանը:
«Հայաստանում ունենք ֆիզիկոսներ, որոնք ունեն արագացուցիչները շահագործելու մասնագիտական ունակություններ: Դա ունիկալ բան է, որովհետև տարածաշրջանի մյուս երկրները չունեն նման մասնագետներ: Ունենք բժիշկներ օնկոլոգիայի բնագավառում, և ունենք Հայաստանում քաղցկեղի բարձր մակարդակ: Այսինքն, ունենք տարբեր կոմպոնենտներ` մասնագիտական և պահանջարկ: Ծրագրի նպատակն է այդ բոլորն ի մի բերել, ստեղծել կենտրոն, որը ժամանակի ընթացքում կարող է տարածաշրջանային նշանակություն ունենալ»,- նշեց Ա. Չալաբյանը: