Ռ. Պետրոսյան. Ստեղծվեց հայ-թուրքական հաշտեցման իրավաբանական բազա
01/05/2010 15:17

Ռ. Պետրոսյան. Ստեղծվեց հայ-թուրքական հաշտեցման իրավաբանական բազա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարելավման հենց առաջին փուլում արձանագրությունների վավերացումը ձախողվեց Թուրքիայի մեղքով, գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:

Այսօր ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ հարաբերությունների կարգավորման այս փուլում ՀՀ նախագահի դիվանագիտական գործողություններն ու գերտերությունների մասնակցությունը գործընթացին որոշ դրական արդյունքներ տվեցին, մասնավորապես`ստեղծվեց իրավաբանական բազա` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա շարունակության համար:

«Եթե Թուրքիան մտադրությունը փոխի և ցանկանա հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք արդեն իսկ կունենանք որոշակի իրավական բազա, այդ թվում` արձանագրությունները, որոնց հիման վրա հարաբերությունները կշարունակվեն»,- ասաց բանախոսը` շեշտելով, որ Հայաստանը ոչ թե հրաժարվել է իր ստորագրությունից, այլ` առկախել արձանագրությունների վավերացումը: Նա նաև նշեց, որ ԱԺ կանոնակարգը վավերացման որևէ ժամկետ չի սահմանում:

Պատգամավորի կարծիքով, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը նպաստեց, որ Հայաստանի և Սփյուռքի դիրքորոշումն ավելի միասնական դառնա: Ըստ բանախոսի` այն նաև ավելի ակտիվացրեց միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
 

Ռ. Պետրոսյան. Ստեղծվեց հայ-թուրքական հաշտեցման իրավաբանական բազա