ՀՀԿ անդամ. Ոստիկանապետին պաշտոնից ազատելը վաղաժամ է
01/05/2010 15:52

ՀՀԿ անդամ. Ոստիկանապետին պաշտոնից ազատելը վաղաժամ է

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն անդրադարձավ Չարենցավանի ոստիկանությունում ձերբակալված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված 24-ամյա Վահան Խալաֆյանը մահացած է գտնվել Չարենցավանի բաժնում` գտնվելով պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում: Ըստ նախնական վարկածի, Խալաֆյանը ինքնասպանություն է գործել: Այդ առնչությամբ հաջորդ օրը ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանը հայտարարեց, որ «ոչ ոք Խալաֆյանին մատով չի կպել»: Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից, ով հինգշաբթի օրը արդեն կալանավորվել է: Նախօրեին, Ոստիկանապետ Ա. Սարգսյանը մի շարք լրատվամիջոցների միջոցով ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկացրել է, թե Խալաֆյանի մահը բռնություն գործելու հետևանք չի եղել:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀԿ–ն պատասխանատվություն չի՞ զգում Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի գործի առնչությամբ, Ռ. Պետրոսյանը հայտարարեց, որ կուսակցությունը ընդհանուր պատասխանատվություն զգում է, որովհետև ուժային կառույցների ղեկավարները նշանակվում և ղեկավարվում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով նաև Հանրապետական կուսակցության ղեկավարն է:

Պատգամավորը նկատեց, որ տարիներ շարունակ, նույնիսկ Հայաստանի անկախացումից հետո էլ խոսվում է ոստիկանական մարմինների կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումների, նրանց ծեծելու, խոշտանգելու մասին:

«Եվ սա այն ակնհայտ դեպքերից մեկն է, որ քրեական հետախուզության բաժնի պետի և նրա տեսուչի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով այդ անձը հասցվել է այն վիճակի, որ դիմել է ինքնասպանության։ Առաջին հերթին, այդ երկուսը պետք է կալանավորվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,– հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը` չբացառելով նաև, որ մահը կարող է հասած լինել ծեծի հետևանքով:

Անդրադառնալով ոստիկանապետի հրաժարականի անհրաժեշտությանը՝ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ եթե նման դեպքերը կրկնվեն, ոստիկանապետի հրաժարականը կդառնա անհրաժեշտություն։

«Եթե այդպիսի դեպքեր կրկնվեն, ապա ոստիկանության պետը նույնպես պետք է հրաժարական տա, որ իր ղեկավարած բնագավառում պարբերաբար այդպիսի դեպքեր տեղի են ունենում։ Բայց, եթե նա ինքը նախաձեռնել է, օգնում է դատախազությանը, իմ կարծիքով, դեռևս նրան պաշտոնից ազատելը վաղաժամ է»,– նշեց Ռ. Պետրոսյանը:
 

ՀՀԿ անդամ. Ոստիկանապետին պաշտոնից ազատելը վաղաժամ է