«Օտար ռազմաբազաների տեղակայումը «ֆորտպոստ» լինելու չափանիշ չէ»
01/05/2010 16:41

«Օտար ռազմաբազաների տեղակայումը «ֆորտպոստ» լինելու չափանիշ չէ»

Օտար երկրների զորամիավորումների տեղակայումը որևէ երկրում այդ պետության ինքնավարությունը և անկախությունը չի սահմանափակում: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը` հակադարձելով շրջանառվող այն կարծիքին, թե Հայաստանի լիիրավ անկախության համար հարկավոր է հրաժարվել երկրում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայությունից:

«Օտար երկրների բազաների տեղակայումը չափանիշ չէ սատելիտ կամ ֆորտպոստ լինելու, բայց ունի և' դրական, և' բացասական ազդեցություն»,- ասաց նա` նշելով, որ Ռուսաստանը, հետևելով իր կայսերապետական նկրտումներին, ռազմական բազայի առկայությամբ որոշ ազդեցություն թողնում է Հայաստանի քաղաքականության վրա:

«Դա լծակ է Հայաստանի իշխանությունների վրա, սակայն փոքր պետություն լինելով` մենք վտանգված ենք այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորված չեն հարաբերությունները հարևանների հետ»,- ասաց նա` հավելելով, որ արևմտյան գերտերությունները դրդում էին Հայաստանին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ` ձգտելուվ նաև նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա:

Ասուլիսի մյուս մասնակից, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը ևս նշեց, որ ռուսաստանյան բազայի տեղակայումն այսօր Հայաստանի համար անհրաժեշտություն է:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո թուրքական զորամիավորների մեծ կուտակում արձանագրվեց հայ-թուրքական սահմանին: «Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանի հանդեպ վախ չլինի, Թուրքիան կշարունակի Հայաստանի հանդեպ ցեղասպանության քաղաքականությունը»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը:

«Ռուսաստանյան բազայի ներկայությունն այսօր էլ անհրաժեշտություն է և պետք է լինի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը միտված է ռուսաստանյան բազաների դուրս բերմանը Հայաստանից, պատգամավորն ասաց. «Երբ Թուրքիան մտնի Եվրամիության կազմի մեջ, և հայությունը զգա, որ Թուրքիայի կողմից հարձակման և գենոցիդի ոչ մի վտանգ այլևս չկա, կստեղծվեն բարիդրացիական և սերտ տնտեսական հարաբերություններ, երբ չլինի ռուսների կարիքը, միգուցե, այն ժամանակ բազայի դուրս բերումը հնարավոր կլինի»:
 

«Օտար ռազմաբազաների տեղակայումը «ֆորտպոստ» լինելու չափանիշ չէ»