Նախագահ. «Այստեղ ես տեսա Չինաստանի նոր հնարավորությունները»
01/05/2010 17:41

Նախագահ. «Այստեղ ես տեսա Չինաստանի նոր հնարավորությունները»

«Շանհայ-էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման նպատակով Չինաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ձյանսու նահանգի Սուժոու քաղաք և համանուն տեխնոպարկ:

Սուժու.Պատմության և արդի ձեռքբերումներ

Սուժոուն Չինաստանի ամենախտաբնակ Ձյանսու նահանգի խոշոր և միաժամանակ Չինաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: 2500-ամյա քաղաքը հնագույն ժամանակներից Չինաստանի համար կարևոր տնտեսական նշանակություն է ունեցել. Այն եղել և մնում է չինական մետաքսի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկը: Չինաստանում տարբեր ժամանակ իշխած վարչակարգերն առանձնահատուկ կերպով են հոգ տարել այս քաղաքի նկատմամբ, ինչի արդյունքում Սուժոուն ստացել է Չինաստանի «կանաչ մայրաքաղաք» պատվավոր կոչումը, իսկ քաղաքի կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Եվրոպացի զբոսաշրջիկները Սուժոուն երբեմն անվանում են «չինական Վենետիկ»:

Չնայած պատմական նման ժառանգությանը` Սուժոուն այսօր հպարտանում է 21-րդ դարին վայել ձեռքբերումներով ու հնարավորություններով: Հենց այս քաղաքի վարչական տարածքում է գտնվում «Սուժոուի տեխնոպարկը»: Այն Չինաստանի ու Սինգապուրի համատեղ իրագործած նախագիծ է:

Տեխնոպարկի տարածքը կազմում է 288 քկմ (Երևան քաղաքի վարչական տարածքից ավելին) և սփռված է Ձինձի լճի ողջ պարագծով: Նման դիրքը չինացիներին ոչ միայն չի խանգարել, այլև հնարավորություն է ընձեռել որոշ տեխնոլոգիական լուծումների համար օգտագործել հենց լճի ռեսուրսները: Տեխնոպարկի գործարկման արդյունքում Սուժոուի իշխանություններին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշով դուրս գալ հինգերորդ հորիզոնական` զիջելով միայն չինական տնտեսության հսկաներին` Շանհայ, Պեկին, Տյանցզին, Գունաչժոու:

Արդյունաբերական արտադրանքի և պատրաստի արտադրանքի արտահաման ծավալներով Սուժոուն զիջում է միայն Շանհային:

Սուժոի իշխանությունները տեխնոպարկի գործարկման արդյունքներն ամփոփում են մեկ նախադասությամբ. Մի քանի տասնյակ հազար բնակչությամբ գյուղատնտեսական գյուքաղաքը 30 տարում վեր է ածվել շուրջ 12 միլիոն բնակչությամբ ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի:

Նախագահ Սերժ Սարգսյանը` չինական տեխնոպարկում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սուժոուի տեխնոպարկում այցելեց խոշորագույն ձեռնարկություններից մեկը` «Հայգեր» (Higer) ավտոբուսների գործարան:

Հանրապետության ղեկավարին այստեղ դիմավորեցին Սուժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանն ու «Հայգեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը:

Չինական ավտոարտադրության առաջատարներից մեկը, որ միայն Սուժոու քաղաքում 4000 աշխատատեղ ունի, անցած տարի ունեցել է 730 մլն ամերիկյան դոլարի շրջանառություն: Վերջին մի քանի տարում դինամիկ աճ ապահովող կորպորացիան մտադիր է մինչ 2014 թվականը կրկնապատկել սեփական շրջանառությունը` հասցնելով 1,5 միլիարդ դոլարի: Ինչպես հայկական պատվիրակության անդամների հետ զրույցում նշեց Վու Վենմենն, այդ ցուցանիշին նրանք մտադիր են հասնել նաև հայկական շուկայում գործունեություն ծավալելու արդյունքում: «Հայգեր»-ի ղեկավարի խոսքերով, իրենք ուսումնասիրել են Հայաստանի շուկան և վստահ են, որ «համագործակցության նոր հորիզոններ են բացվում»:

Իր հերթին քաղաքային իշխանության ներկայացուցիչը հայտնեց, որ Սուժոուն շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել համագործակցություն ոչ միայն տնտեսության, այլև կրթության և մշակույթի ոլորտում:

Այնուհետև ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող անձինք շրջեցին «Հայգեր» գործարանի տարածքում` ծանոթանալով արտադրական գործընթացին:

Ձեռքբերումներն` արդեն պատմություն

«Հայգեր» գործարանից նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունն ուղևորվեց Սուժոուի գիտությունների, մշակույթի և արվեստի կենտրոն:

Այս կենտրոնն, իրականում, տեղակայված էր հսկայական շինության մեջ, որն ինքնին արդեն իսկ բազմաթիվ ինժեներական, տեխնոլոգիական ու դիզայներական լուծումներ է բովանդակում:

Կենտրոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոքրիկ շրջայց կատարեց, որի ընթացքում ծանոթացավ կենտրոնի տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին: Դրանց միջոցով ներկայացվում էր ոչ միայն Սուժոուի տեխնոպարկի ստեղծման պատմությունը, այլև այսօր առկա տեսլականները` մակետների ու կենտրոնի պատերին գրված գաղափարների ձևով:

Կենտրոնում շրջայցից հետո նախագահ Սերժ Սարգսյանն ու հայկական պատվիրակության անդամները նավով զբոսանք կատարեցին Ձինձի լճի վրա:

Ինչպես արդեն նշեցինք, այս լիճը չորս կողմից պարփակված է Սուժոուի տեխնոպարկի սահմաններում գտնվող շինություններով, արտադրական տարածքներով ու ենթակառուցվածքներով: Ձինձի լճի վրա կարճատև զբոսանքը, իրապես, հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն ահռելի աշխատանքի մասին, որն իրականացվել է չինական այս նախկին գյուղաքաղաքում` վերջին 16 տարում:

Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Սուժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: Ողջունելով ՀՀ նախագահին` Յան Լին ևս ներկայացրեց իր գլխավորած քաղաքի տպավորիչ ձեռքբերումներն ու իր հերթին պատրաստակամություն հայտնեց երկկողմ հարաբերություններ հաստատել ու զարգացնել հայկական կողմի հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հիշեցրեց, որ երրորդ անգամ է այցելում Չինաստան, սակայն Չինաստանի տնտեսության արտադրական սյուներից մեկը հանդիսացող նահանգում առաջին անգամ է լինում:

«Այստեղ ես տեսա Չինաստանի նոր հնարավորությունները»,- նշեց Սերժ Սարգսյանն ու, տեղեկացնելով, որ Չինաստանում է «Շանհայ-Էքսպո-2010»-ի բացմանը մասնակցելու նպատակով, հավելեց. «Ես ինձ զգում էի ապագայի քաղաքում: Էքսպոյի հիմքում ընկած գաղափարը դուք գրեթե իրականություն եք դարձրել»:

Նախագահ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը կփորձի հնարավորինս արդյունավետ օգտագործել Սուժոուի տեխնոպարկի ու Չինաստանի հնարավորությունները: ՀՀ ղեկավարի խոսքերով, Հայաստանի ու Չինաստանի քաղաքական հարաբերությունները դրական են, և անհրաժեշտություն կա, որպեսզի տնտեսական հարաբերությունների զարգացման տեմպերը չզիջեն քաղաքականին:

Այցելության վերջում Սուժոուի քաղաքպետ Յան Լիի անունից ճաշ մատուցվեց, որից հետո հայկական պատվիրակությունը վերադարձավ Շանհայ: Այստեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը հանդիպում կունենա Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավար Հու Ձինտաոյի հետ:
 

Նախագահ. «Այստեղ ես տեսա Չինաստանի նոր հնարավորությունները»