.jpg)
«Եթե բոլորը լծվեն սոցիալական ոլորտի զարգացմանը, առաջ կգնանք»
Միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի աշխատաշուկային:
Նա հիշեց, որ ԽՍՀՄ տարիներին հիմնական գործատուն պետությունն էր, ինքն էր հոգում աշխատողների բոլոր խնդիրները, իսկ «ՀՀ-ն այսօր չի տիրապետում աշխատաշուկային»:
«Բոլոր գործարաններն անցել են մասնավոր սեկտորին, գործատուները պարտավոր են իրենց աշխատավորների համար ստեղծել պայմաններ»,- ասաց Մանուկյանը:
Նա հարց ուղղեց, թե Հայաստանի աշխատաշուկան ումի՞ց է ուզում առաջ անցնել, ապա պատասխանեց. «Կոմունիստական շրջանում կար հասնել և անցնել ԱՄՆ-ին, այսօր Չինաստանն է առաջադեմ գաղափարախոսություններով առաջ անցել բոլոր երկրներից: Եթե ձգտում ենք, պիտի ձգտենք Չինաստանին անցնել»:
Մանուկյանի խոսքերով, մեր պայմանները բոլորովին այլ են, մենք չենք կարող Իսպանիայի, Իտալիայի հետ մրցել, Հունաստանի հետ էլ չուզեց համամատվել, քանի որ այնտեղ ըստ նրա, «գործատուները թքած ունեն ժողովրդի վրա»:
«Եթե Հայաստանում աթոռապաշտությունը մի կողմ թողնեն, բոլորը լծվեն սոցիալական ոլորտի զարգացմանը, առաջ կգնանք»,- գտնում է Յուրի Մանուկյանը: