.jpg)
Մանուկյանը կոչ է անում գործատուներին` օրը վերածել տոնի
Աշխատանքի օրվա առթիվ` Միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը հուշերի գիրկն էր ընկել, ապա վերադարձավ ներկա իրավիճակին, ու խոսեց լրագրողների հետ:
«Այսօր բոլորովին այլ է, ուղղակի պետք է մտածված անցում կատարել խորհրդային շրջանի նշումների և այսօրվա միջև»,- ասաց Մանուկյանը` ապա կրկին հետ գնաց դեպի խորհրդային տարիներ:
Մանուկյանը հիշեց, որ մասսայական տոնական տրամադրություն էր տիրում ամենուրեք, շուրջբոլորը խինդ ու ծիծաղ էր, համերգ…
«Այսօր էլ կարող ենք կազմակերպել նման տոնակատարություններ, գործատուի համար դա մեծ ջանք ու եռանդ չի պահանջի, նվիրատվություններ անի աշխատողներին: Կան մեծահարուստներ, ովքեր չեն պատկերացնում, որ կարելի է նման բաներ անել: Մեր խնդիրն է այդ գործատուներին բերել դաշտ, որ իրենք տոնը նշեն: Մենք ուզում ենք օգնել հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը, ներքին մարտահրավերները պակաս վտանգավոր չեն»,- նշեց Յուրի Մանուկյանը:
Նրա համոզմամբ` անիմաստ է այս օրը ժողովրդին փողոց հանել, երբ գործատուն կարող է իր աշխատողների հետ կազմակերպել տոնական օր: Մանուկյանը հորդորեց գործատուներին յուրովի ու նորովի նշել մայիսի մեկը:
«Պետք է այնպես անենք, որ գործատուները, ովքեր հսկայական շահույթներ են ունենում աշխատավորների հաշվին, գոնե այսօր տոնական միջոցառումներ կազմակերպեն: Մենք, օրինակ, հանդիպել ենք 18 խոշոր բիզնեսմենների հետ` առաջարկելով, որ իրենց աշխատակիցների համար տոն կազմակերպեն, բոլորը համաձայն էին, որ կարելի է միջոցառումներ անել, բայց ասում են, թե ուշ է, բայց ի՞նչն է ուշ, մեկ շաբաթ առաջ ենք դիմել, եթե ուզում են տոն կամ մի լավ բան անել իրենց աշխատողների համար, 5 րոպեում էլ կարող են անել»,- վստահ է Մանուկյանը:
Վերջում Մանուկյանը ևս մեկ անգամ կոչ արեց գործատուներին գոնե հենց հիմա` կեսօրին, որևէ լավ բան անել աշխատակազմի համար: