.jpg)
«Վրաստանը կարիք ունի շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները»
2010 թ. մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՀՔ շրջանակներում 2009 թ. Վրաստանի առաջընթացի մասին զեկույցները:
Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանը կարիք ունի շարունակելու ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված ջանքերը, հատկապես քաղաքական բազմակարծության և մամուլի ազատության ոլորտներում: Որպես հիմնական մարտահրավերներ` նշվում են նաև աղքատության վերացումը, զբաղվածությունը և սոցիալական քաղաքականությունը, քաղաքացիական ծառայության բարեփոխումը:
ԵՄ-ն նշում է, որ 2009 թ. Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցերի դեմ իշխանությունները ուժ չեն գործադրել` դրանով իսկ առաջընթաց արձանագրելով 2007 թ. նմանատիպ իրադարձությունների համեմատ:
Զեկույցը նշում է, որ Վրաստանի նախագահի կողմից հայտարարված «ժողովրդավարական բարեփոխումների երկրորդ ալիքը» շարունակվել է 2009 թ.-ին: Այն ներառում է սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհդրդարանի դերի ուժեղացում գործադիրի նկատմամբ, ընդդիմության զգալի մասնակցությունը որոշումներ ընդունելու գործընթացում, ընտրական օրենսգրքի փոփոխություններ, արդարադատության համակարգի անկախության ամրացում և մամուլի ավելի լայն ազատություն: Նշվում է, որ Վրաստանի քաղաքական կյանքի բևեռացումը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ իրական քաղաքական բարեփոխումների համար:
Տնտեսության համար 2008 թ. օգոստոսի պատերազմը, զուգորդվելով համաշխարհային տնտեսական անկմամբ, ավելացրել է ճնշումը կառավարության վրա` դիմագրավելու սոցիալ-տնտեսական մարտահրավերներին:
Ըստ զեկույցի` կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանը կարևոր ջանքեր է իրականացրել` իրավական փոփոխությունների և բարեփոխումների միջոցով Եվրոպայի խորհրդի GRECO-ի խմբի առաջարկությունները կիրառելու ուղղությամբ:
Վրաստանում հեռարձակվող զանգվածային լրատվամիջոցների խնդիրը մնում է որպես մտահոգության հիմնական առարկա, այն համարվում է խիստ բևեռացված և կողմնակալ` հօգուտ իշխանությունների:
Նշվում է, որ 2009 թ. համար նախատեսված կենսաչափական չափորոշիչներով անձնագրերի տրամադրումը տեղի չի ունեցել, սակայն այդ ուղղությամբ նախապատրաստական քայլեր են իրականացվել:
2009 թ. նոյեմբերին ԵՄ և Վրաստանը ընդունել են «Տեղաշարժի գործընկերության» մասին համաձայնագիր` ուղղված միգրացիայի ոլորտում համագործակցություն ծավալելուն (ԵՄ կողմից մասնակցում են 16 անդամ երկրներ):
Մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2009 թ. նոյեմբերին: Ստորագրումը նախատեսված է 2010 թ. ընթացքում:
Վրաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որպես կասպիական էներգակիրների տարանցիկ երկիր, դերակատարություն ունենալ ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Զեկույցում Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման նկատմամբ: 2008 թ. պատերազմից հետո ԵՄ-ը Վրաստանին հատկացրել է 500 մլն. եվրո աջակցություն` 2008-2010 թթ. համար:
2009 թ. ընթացքում ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 137 հայտարարություններից Վրաստանը միացել է 97-ին: