.jpg)
Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքների ցուցահանդես
Մայիսի 20-ին, Երևանում` ՄԱԿ-ի ճեմասրահում, տեղի կունենա Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքների ցուցահանդես, որը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան:
Միջոցառումը նվիրված է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան և Երիտասարդության միջազգային տարվան. «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար»:
Ինչպես տեղեկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ցուցահանդեսին կհաջորդի ազգային փոքրամասնությունների համայնքների երիտասարդ առաջնորդների մշակած նորարարական ծրագրերի ներկայացումը:
Ծրագրերը կենտրոնացած են փոքրամասնությունների համայնքների զարգացման, փոքրամասնությունների միջև մշակութային երկխոսության հզորացման և հասարակության մեջ նրանց ինտեգրման վրա:
Նշենք, որ միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի տնօրեն Արմինե Պոդոսյանը, Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանը, փորձագետներ, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչներ: