.jpg)
ԱՄՀ. ՀՆԱ աճը կկազմի 4%, նախկին` 1.8 %-ի փոխարեն
Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) տարեկան 1.8 %-ի փոխարեն կապահովի շուրջ 4% աճ: Նման կանխատեսում այսօր ասուլիսում արեց Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:
ԱՄՀ կանխատեսումը նույնն է մնացել գնաճի վերաբերյալ, որն, ըստ Մ. Լյուիսի, թեև նվազում է, սակայն տարվա կտրվածքով կկազմի մոտ 6 %: Հաշվի առնելով, որ 2010-ին բյուջեի եկամուտների ծավալները մեծանում են, ապա ԱՄՀ-ն գտնում է, որ բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր կլինի, քան կանխատեսվել էր:
«Հայաստանի պետական պարտքը ճգնաժամի ընթացքում գրեթե կրկնապատկվել է, սակայն կարևոր է, թե ինչքան ժամանակում է այն կուտակվել: Ներկայումս Հայաստանի պարտքը կայուն է»,- հայտարարեց Մ. Լյուիսը` միաժամանակ շեշտելով, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ապագայում պարտքի ներգրավմանը և հետևել, որ այն շատ արագ չաճի:
Նա նաև վստահություն հայտնեց, որ պարտքի սպասարկումը ՀՀ կառավարությունը կարող է իրականացնել:
Անդրադառնալով նաև համաշխարհային տնտեսության զարգացումներին, ապա ԱՄՀ ներկայացուցչի գնահատականով, այն սկսում է վերականգնվել, բայց տեմպերը տարբեր են` կախված տարածաշրջանից: Հավանական է, որ զարգացած երկրներում տնտեսական աճը դանդաղ կընթանա, մինչդեռ նոր ձևավորվող տնտեսությունների աճն ավելի արագ է ընթանում և տնտեսական ճգնաժամն այնքան էլ ծանր ազդեցություն չի ունեցել նրանց վրա:
«Վերականգնվելու համար ժամանակ է պահանջվում»,- նշեց ԱՄՀ պատվիրակը: