.jpg)
ԱՄՀ-ն Հայաստանին` 392 մլն դոլար մինչև 2013 թ.
Մայիսի 6-19-ը Երևան այցելած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը համաձայնության է եկել ՀՀ իշխանությունների հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) շրջանակում պայմանավորվածությունների վրա հենվող ծրագրի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:
Համաձայնությունը ձեռք է բերվել աշխատակազմի մակարդակով և այն պետք է հաստատվի ԱՄՀ-ի ղեկավարության և Գործադիր խորհրդի կողմից, որոնք ծրագրի հայտը կքննարկեն հունիսի վերջին:
«Ծրագրի շրջանակում հասանելի ֆինանսավորումը կկազմի 392 մլն ԱՄՆ դոլար, որը կընդգրկի մինչև 2013 թ. հունիսը ներառյալ ժամանակաշրջանը: Խորհրդի կողմից ծրագրի հաստատումը հնարավորություն կտա Հայաստանին օգտագործել շուրջ 52 մլն ԱՄՆ դոլարի գումար»,- հայտնեց Մ. Լյուիսը:
Ըստ նրա, թեև ճգնաժամն ավարտվել է, սակայն ի հայտ են եկել կարևոր միջնաժամկետ մարտահրավերներ` աճի խթանում և միաժամանակ աղքատության կրճատում, պարտքի կուտակման հակադարձում և ֆինանսական կայունության պահպանում:
«Կառուցվածքային բարեփոխումների առումով ծրագիրը ներառում է հարկային վարչարարության հետևողական բարեփոխումների փաթեթ, որը կնպաստի պետական ֆինանսների կուռ դիրքերի և գործարարության միջավայրի ապահովմանը»,- նշեց Մ. Լյուիսը: