.jpg)
Ի՞նչ պետք է անեն Ոստիկանության ակադեմիա դիմած 800 շրջանավարտները
«Մեր հանրապետության շուրջ 800 շրջանավարտներ այս տարի հայտագրվել են` ՀՀ Ոստիկանության ակադեմիա դիմելու և սովորելու համար: Նրանք ակադեմիա ընդունվելու համար մեկ տարուց ավելի պարապել են հայոց պատմություն, հայոց լեզու (թելադրություն) և ֆիզիկական կուլտուրա առարկաները: Հաշված օրեր են մնացել ընդունելության քննություններին, սակայն փոփոխվել է Ոստիկանության ակադեմիա ընդունելության կարգը»: Այպիսի նախաբանով այսօր բազմաթիվ շրջանավարտների ծնողներ դիմել են ԱԺ պատգամավորներին` խնդրելով հնարավորություն տալ իրենց զավակներին` մասնակցելու ընդունելության քննություններին:
Նշենք, որ «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այժմ Ոստիկանության ակադեմիա կարող են ընդունվել միայն նրանք, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն: ՀՀ ԱԺ-ն, սակայն, այս օրենքն ընդունել է կարճ ժամանակ առաջ, ինչն էլ դիմորդների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:
«Օրենքի փոփոխությանը մենք սկզբունքորեն կողմ ենք, սակայն կոպիտ սխալ է թույլ տրվել, քանի որ կա'մ օրենքը պետք է շուտ ընդունվեր, կա'մ, առնվազն, չպետք է վերաբերեր այս տարի ընդունվողներին, հակառակ դեպքում` ընդունելությունների շեմին մենք այս օրենքը ընդունեցինք, և 800 դիմորդ հայտնվեց անելանելի վիճակում»,- նշեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը, ով առաջարկեց Կառավարությանը ակադեմիա ընդունվել ցանկացող շրջանավարտներին ևս թույլատրել` մասնակցել ընդունելության քննությանը և ընդունվելու պարագայում` ուսումը շարունակել պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո:
«Դժվար էր հաշվարկել, որ օրենքը կարող էր մի քիչ ավելի ուշ ընդունվել և կարող էր իրավական ուժ ստանալ ընդունելության քննությունների նախաշեմին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը և հավելեց. «Ես իրավասու չեմ Կառավարության անունից դիրքորոշում ներկայացնելու, թե կկարողանա՞նք եղած օրենսդրական ակտերի շրջանակում նմանօրինակ քայլի դիմել, սակայն չեմ կարծում, որ այն լավագույն լուծումը կլինի»:
Գ. Դանիելյանի մեկնաբանությամբ` նման քայլի դիմելու պարագայում «որոշակի քանակի ուսանողներ կունենանք, որոնք, ըստ էության, չեն համարվելու ուսանող, և հնարավոր է, որ դասերին ներկայանան ընդամենը 3-4 ուսանող, ովքեր ծառայել են ժամանակին»: «Այս դեպքում, մենք ինչպե՞ս ենք ուսումնական գործընթացը կազմակերպելու»,- հարցրեց նախարարը:
Ի պատասխան Ա. Շահբազյանի այն պնդմանը, որ օրենքն ընդունվել է ընդունելության քննությունների նախաշեմի և շատերը չեն կարողացել ուրիշ առարկաներ պարապել` այլ ֆակուլտետներ կամ բաժիններ դիմելու համար, Գ. Դանիելյանը նշեց, որ «շատ դեմքերում խոսքը վերաբերում է մեկ առարկայի ավելացմանը, իսկ ժամկետներն, ըստ էության, քիչ չեն եղել` 3-4 ամիս է եղել, ինչը պետք է բավարար լիներ մեկ առարկա պարապելու համար»: