.jpg)
Վերջին 3-4 տարիներին ծնելիության աճ է արձանագրվում
1990-ական թվականներից հետո Հայաստանում գրանցել է ծնելիության նվազում` 1990 թ.-ին մոտ 80.000 երեխա, 1991 թ.-ին` 77,825, 1992 թ.-ին` 70.581, իսկ վերջին տարիներին ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2001 թ.-ին` 32.000 ծնունդ:
Այսօր այս տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին վիճակագիրները:
Ըստ վիճակագիր Ռուբեն Եգանյանի` Հայաստանում ծնունդների աճ սկսել է գրանցվել միայն վերջին 3-4 տարիներին:
«Ծնունդների աճը իր հիմնական մասով պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ ծնողներն ավելի հաճախակի են երեխաներ ունենում, այլ նրանով, որ ժողովրդագրական շարժի արդյունքում մեծացել է ծնողների բացարձակ թիվը, որոնք հիմա ավելի շատ են, քան 5 տարի առաջ»,- շեշտեց Ռ. Եգանյանը:
Ծնունդների նվազում բացարձակ թվերով կսկսվի, երբ վերարտադրական տարիքի հասնեն նվազող ծնելիության շրջանում ծնված սերունդները:
Ինչ վերաբերում է Հայաստանում ծնելիության կրճատման պատճառներին, ապա բանախոսը թվեց, որպես ուղղակի ներգործություն` տնտեսության արմատական վերաձևումը, շուկայական հարաբերությունների անցումը, արտադրության անկումը և այլն, և այս գործոնները, ըստ նրա, բերեցին նրան, որ նվազեցին ամուսնությունների թիվը և, հետևաբար, ծնունդների թիվը:
Անուղղակի հետևանքներից, բանախոսը նշեց, որ այդ երևույթները կանխորոշեցին մասսայական միգրացիան, որի հետևանքով 1 մլն-ից ավելի մարդ 1990-ական թվականներից հայտնվեց արտերկրում: