Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
19/05/2010 15:57

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերին:

Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:

Արցախի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են եւ հանդիսանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ անկախության եւ ինքնիշխանության հետ միասին ժողովրդավարությունը հանդիսանում է բացառիկ արժեք, ինչը այլընտրանք չունի:

Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ բոլորը քաջ գիտակցում են այս գործընթացի կարեւորությունը Արցախի համար եւ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կանեն հնարավորը ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ընթացքում քաղաքացիների համար չծագի որեւէ խնդիր` լինի դա իրավական, քաղաքական, տեխնիկական կամ այլ բնույթի, իսկ դրանց առաջացման դեպքում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խնդիրները անհապաղ կարգավորելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել