.jpg)
ՀԲԸՄ-ն ակտիվացնում է լոբբինգը ԵՄ-ում
Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Եվրոպայում ակտիվացնում է իր գործունեությունը` ԵՄ-ում Ղարաբաղի Հանրապետության ընդունման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀԲԸՄ եվրոպական կառույցների նախագահ, Ֆրանսիայի Իլլ դե Ֆրանս շրջանի (Փարիզ և շրջակայք) տեղական տարածաշրջանային խորհրդի անդամ Ալեքսի Գյովջյանը, իրենց նպատակն է լուրջ լոբբինգ ծավալել ԵՄ կառույցներում, քանի որ տարածաշրջանի այլ չճանաչված բոլոր հանրապետություններն էլ օգտվում են միջազգային խաղաղապահ առաքելություններից, ներգրավված են տարբեր միջազգային ծրագրերում և ստանում են աջակցություն, հատկապես վստահության հիմքերի ստեղծման հետ կապված, որը նվազեցնում է լարվածությունը, և այդ պետությունների բնակիչներն էլ հաղորդակցության մեջ են այլ երկրների հետ, մինչդեռ` «այս ամենը չի կարելի ասել Ղարաբաղի դեպքում»:
«ԵՄ կառույցները ապատեղեկացված են: Շատ ավելի լոբբինգ է անում Ադրբեջանը, քան` մենք»,- շեշտեց Ա. Գյովջյանը` անդրադառնալով նաև նախորդ շաբաթ Եվրոպայի Խորհրդարանի կողմից ընդունված ադրբեջանամետ 2216 բանաձևին. «Որոշումը մեզ համար շատ վնասակար և անընդունելի է»:
Ըստ Ա. Գյովջյանի, քննադատելով Ադրբեջանի` Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին բոյկոտելու քաղաքականությունը, ԵՄ-ն լայնորեն սատարել է Բաքվին: Ղարաբաղը տարածաշրջանի միակ երկիրն է, ուր դեռևս չի այցելել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` այդ տարածքն անվանելով «սպիտակ կետ» Եվրոպայի քարտեզի վրա:
Բանախոսը նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի նոր արշավն ուղղված է հորդորելու Եվրամիությանը` մարդասիրական և տնտեսական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև կոչ է անում ԵՄ-ին թույլ տալ իր պաշտոնյաներին ճանապարհորդել Ղարաբաղ:
Ա. Գյովջյանը նաև տեղեկացրեց, որ մոտ 20 օր առաջ Պ. Սեմնեբիի աջակցությամբ Ղարաբաղի հարցով խորհրդաժողով էր կազմակերպվել Ֆրանսիայում, որին ներկա էր Ղարաբաղի պատվիրակությունը, նաև Ադրբեջանի դեսպանը: Հայկական և ադրբեջանական կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները հարցի կապակցությամբ, իսկ երբ խոսքը տրվել է Ղարաբաղի ներկայացուցչին, Ադրբեջանի դեսպանը դուրս է եկել դահլիճից:
«Այս ամենին վկա էին Պիտեր Սեմնեբին և նրա օգնականը»,- նշեց Ա. Գյովջյանը` հավելելով, որ ԵՄ պաշտոնյաներն անհրաժեշտ հետևություններ անում են: