Քննարկվեց վիճահարույց օրինագիծը
24/05/2010 20:06

Քննարկվեց վիճահարույց օրինագիծը

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց և տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք այլ շահագրգիռ անձիք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում Պաշտպանը ընդգծել է իր համար մտահոգության տեղիք տվող դրույթները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին փոխանցել օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:

Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող դրույթների մասին մոտ երկու տասնյակ հարցադրումներ: Վերջիններիս հիմնականում պատասխանել են Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որոնք ընդունել են որոշ հարցադրումների իրավացիությունը, որոշների վերաբերյալ հայտնել իրենց անհամաձայնությունը և ներկայացրին պարզաբանումներ:

Ըստ Ներսես Երիցյանի` հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումները արձանագրվել են և առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում դրանց վերաբերյալ կտրվեն համապատասխան սպառիչ մեկնաբանություններ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջարկել են բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմել հարցաշար և գրավոր տեսքով ներկայացնել օրինագծի հեղինակներին: Էկոնոմիկայի նախարարը նշված առաջարկին դրական է արձագանքել և խոստացել է ներկայացնել իրենց դիրքորոշումը առաջիկա քննարկումներին, որոնց մասնակցության պատրաստակամություն է հայտնել նաև Պաշտպանը:
 

Քննարկվեց վիճահարույց օրինագիծը