.jpg)
Հ. Կարապետյան. Պետք է պահանջել Չավուշօղլուի հրաժարականը
Իմանալով, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն չի այցելելու Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստանի իշխանությունները չպետք է հրավիրեին նրան Երևան, գտնում է ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը:
«Մենք պետք է մերժեինք նրա գալը, որից հետո պետք է դնեինք նրա հրաժարականի հարցը»,-ասաց նա այսօր ասուլիսի ժամանակ` նշելով, որ պաշտոնական այցի շրջանակներում Ցեղասպանության հուշահամալիր այցելելը մտնում է պաշտոնական արարողակարգի մեջ, և լինելով ԵԽԽՎ նախագահ` Մ. Չավուշօղլուն պարտավոր էր հետևել արարողակարգին` մանավանդ, որ Վեհաժողովը ճանաչել է Հայոց ցեղապսանությունը:
«Եթե ԵԽԽՎ-ն ընդունել է Ցեղասպանության փաստը, այդ կառույցի նախագահը չի կարող չհարգել այդ իրողությունը և իրեն պահել ընդամենը` որպես թուրք քաղաքական գործիչ»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ նման քայլով Մեևլութ Չավուշօղլուն անարգել է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը:
Ըստ բանախոսի` Մ. Չավուշօղլուի հրաժարականը պահանջելու հարցը դարձել է հրամայական, քանի որ այդ թուրք քաղաքական գործիչն առաջ է քաշում ԼՂ հիմահարցով զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը, որտեղ ինքը կկարողանա «իր մարդուն» դարձնել դրա ղեկավարը:
«Դրանով հիմանհարցի լուծումը կարող է ԵԱՀԿ Միսկի խմբի շրջանակներից տեղափոխվել ԵԽԽՎ հարթություն»,- նկատեց նա` նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բոլոր մարմինները պետք է պատշաճ ձևով կանխեն նման զարգացումների ցանկացած հնարավորություն: