.jpg)
Հրայր Կարապետյանը դեսպանների հրաժարականն է պահանջում
Հայաստանի այսօրվա դիվանագիտությունը ոչ թե նախաձեռնողական է, այլ` պաշտպանական, գտնում է ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ Եվրախորհրդարանի 2216 Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևին, որտեղ այդ կառույցը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական օկուպացված տարածքներից»` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները:
«Անհասկանալի, դիլետանտ, անհեղինակ արտահայտություններ են: Ինչու՞ չի խոսվում, որ Ադրբեջանն էլ պիտի դուրս գա իր գրաված տարածքներից` Գետաշեն, Շահումյան, Մարտակերտի մի մասը, Արծվաշենը», - նշեց նա, կարծիք հայտնելով, որ բանաձևն ինքնին վտանգավոր չէ, և դրանից ողբերգություն չպետք է սարքել:
«Ընդամենը պետք է հետևություններ անել», - ասաց Հ.Կարապետյանը, նշելով, որ նման բանաձևեր շատ են ընդունվել: Մտահոգություն հայտնելով, որ արտգործնախարարությունը չկարողացավ կանխել նման փաստաթղթի ի հայտ գալը կամ պաշտոնապես չի արձագանքել դրան` Հ.Կարապետյանը դժգոհություն հայտնեց ՀՀ արտգործնախարարության և եվրոպական որոշ երկրներում Հայաստանի դեսպանների աշխատանքի վերաբերյալ:
«Մենք հանդես ենք գալիս պաշտպանվողի դերում: Այդպես չպետք է լինի, այն էլ այն դեպքում, որ այօրվա ադրբեջանա-թուրքական տանդեմը ամբողչ քարոզչական դաշտի վրա աշխատում է ողջ հզորությամբ»,- նշեց բանախոսը և կրկին պնդեց Դաշնակցության երբեմնի պահանջը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի մասին և պահանջեց, որ որոշ դեսպաններ ևս հրաժարական տան:
«Անձերի խնդիր չէ: Դիվանագիտական կորպուսը և միջազգային մարմիններում մեր երկրի պատվիրակությունները լավ չեն աշխատում: Կան դեսպաններ, որոնք մտածում են միայն այդ երկրներում սեփական բիզնեսի մասին: Մոտեցումները պետք է փոխվեն, դեսպանները պետք է համագործակցեն տեղի լոբբիստական կազմակերպությունների հետ», - բացատրեց Հրայր Կարապետյանն իր տեսակետը: