.jpg)
Մարադոնա. «Պատրաստվում ենք անակնկալ մատուցել»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ասել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Դիեգո Միլիտոյի խփած երկու գոլն իրեն չի զարմացրել: Նա նաև հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու արգենտինական ընտրանու հայտացուցակում չեն ընդգրկվել Էստեբան Կամբյասոն և Խավիեր Ձանետտին: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը:
«Միլիտոն երկու հիանալի գոլ խփեց: Դրանք ապացուցում են, թե ինչու եմ նրան ընդգրկել հավաքականի հայտացուցակում: Այն, ինչ նա արեց, ինձ չզարմացրեց: Միլիտոն տպավորիչ մրցաշրջան անցկացրեց: Իսկ մեր թիմում դեռ կան նաև Մեսսին, Տևեսը և Ագուերոն: Ընտրական խումբը, որում հայտնվել ենք, շատ ամուր է: Մենք բնավորություն և անհրաժեշտ ամեն ինչ ունենք, որպեսզի բարձր մակարդակով հանդես գանք աշխարհի առաջնությունում: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու 23 ֆուտբոլիստների թվում նշված չեն Կամբյասոն ու Ձանետտին: Կարող եմ ասել միայն, որ ընտրությունն արդեն կատարված է, ցուցակը` կազմված:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Երբ տիրում է գնդակին, թիմը շատ հնարավորություններ է ունենում: Փառք Աստծո, որ նա արգենտինացի է: Գիտենք, որ ֆավորիտ չենք համարվում, բայց պատրաստվում ենք անակնկալ մատուցել: Արգենտինան հաղթանակների քաղց ունի: Սա նման է 1986 թ. իրավիճակին, երբ մենք աշխարհի չեմպիոն դարձանք: Ճիշտ է` Մեսսին հիմա ավելի լավ է դիտվում, քան ես` այն ժամանակ»,- նշել է Մարադոնան: