.jpg)
Միշել Պլատինի. «Գավաթակիրները պետք է խաղան Չեմպիոնների լիգայում»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել Չեմպիոնների լիգայի մրցաշարը վերափոխելու գաղափարով: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստն առաջ է քաշել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին այն թիմերի մասնակցության խնդիրը, որոնք հաղթել են իրենց երկրների գավաթային խաղարկություններում: Պլատինին այդ խնդիրն արդեն բարձրացրել է 2008 թ., բայց այն ժամանակ եվրոպական ֆուտբոլային լիգաները հանդես եկան նշված նախաձեռնության դեմ:
«Դժվար է վերափոխել Չեմպիոնների լիգան, քանի որ սա չափազանց հաջող մրցաշար է,- Պլատինիի խոսքերը մեջբերել է «Fox Sports»-ը:- Այդ գաղափարն այժմ այն նախագծերի շարքում է, որոնց իրականացման ուղղությամբ մենք աշխատելու ենք ապագայում: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ գավաթակիրները պետք է մասնակցեն Չեմպիոնների լիգային: Եթե նրանք գավաթ են նվաճել, ուրեմն չեմպիոններ են և պետք է հնարավորություն ստանան` հանդես գալու մայրցամաքային թիվ 1 մրցաշարում»: