Լևոն Ավագյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման
24/05/2010 17:52

Լևոն Ավագյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի դատավճիռը:

Նախ հրապարակվեց դատավճռի մեղադրական մասը, որում ասվում է, որ Լևոն Ավագյանը «դպրոցի 18 տարին չլրացած աշակերտուհիների նկատմամբ բռնություն գործադրելով և առանց բռնություն գործադրելու պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ...»: Այնուհետև նկարագրվում են տարբեր տարիներին Լևոն Ավագյանի կողմից կատարված անառակաբարո գործողությունները 5 անչափահաս աղջիկների նկատմամբ:

Հշեցնենք, որ ամբաստանյալ Լևոն Ավագյանը դատաքննության սկզբում համաձայնել էր առաջադրված մեղադրանքի հետ և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը` հաշվի առնելով, որ մեղադրողը չի առարկել արագացված դատաքննությանը, և ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը, իսկ ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանվող պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Լևոն Ավագյանի պատիժը նշանակելիս դատարանը որպես «պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը հանցավորի համար ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը», իսկ պատիժը մեղմացնող հանգամանք` այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, ինչպես նաև «դրական» բնութագրերը, զղջումը և մեղքի ընդունումը:

Դատավճռով Լևոն Ավագյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր 142 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և նշված երկու հադվածներով ընդհանուր առմամբ պատիժ սահմանվեց 2 տարի ժամկետով ազատազրկում, որը Ավագյանը կանցկացնի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական կալանավայրում:

Լևոն Ավագյանն անմիջապես դատարանի նիստերի դահլիճից կալանավորվեց:

Լևոն Ավագյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման