.jpg)
Անառակաբարո գործողություններ. 2 տարին բավարա՞ր է, թե` ոչ
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի դատավճռով սահմանված պատիժը` 2 տարի ազատազրկում, դատախազ Կարեն Բատիկյանը «բավարար» գնահատեց: Լրագրողների հետ զրույցում նա ճշտեց, որ պատիժը ոչ թե «մանկապղծության», այլ` «մանկասիրության» համար է:
Տուժածների փաստաբան Տիգրան Հայրապետյանը Aysor-ի հետ զրույցում հաստատեց, որ անչափահաս աղջիկների բռնաբարության փաստերը «քրեական գործի նյութերով չեն հիմնավորվել» և «այդ առումով քննությունն ավարտվել է ու միայն բողոքարկելուց հետո կարող է հնարավոր լինի, որ գործի քննությունը վեր բարձրացվի»: Կրկին հաստատելով, որ քննություն այլևս չի կատարվում, Տ. Հայրապետյանը հավելեց, որ դատավճիռը բողոքարկելու իրավունքը տուժողներինն է. «Եթե հարկ համարեն, իհարկե, բողոք կբերենք»:
Փաստաբանը նաև նշեց, որ այս դատաքննության ընթացքում տուժողների իրավունքները մի քանի առումներով խախտվել են` արդար դատաքննության, դռնփակ գործի քննություն իրականացնելու, և անգամ դատավճռի առոմով, որի դեպքում, ըստ փաստաբանի, միայն եզրափակիչ մասը կարող էր ընթերցվել հրապարակայնորեն, իսկ դատավճռի մեղադրական մասն «անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ էր»: Տ. Հայրապետյանը անհամաձայնություն հայտնեց նաև պատժի ժամկետի վերաբերյալ. «Առավելագույն ժամկետը 5 տարի էր և 2 տարին ընտրել նույնպես բավարար չի»:
Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը լրագրողներին հայտնեց, որ հետևողական են լինելու և հատուկ դպրոցում ծեծերի, դաժանությունների, փաստաթղթերի կեղծման դեպքերի փաստերը բարձրաձայնելու են: Ըստ նրա, Լևոն Ավագյանի հանցագործության մասին իմացել է նաև դպրոցի տնօրեն Մ. Ենգիբարյանը, ով սակայն «շարունակում է տնօրինել երեխաների ճակատագիրը»:
Հավելենք, որ Լևոն Ավագյանի դատավճռի հրապարակումից հետո միայն 2 անձիք` երիտասարդ տղամարդ և կին, փորձեցին առարկել և պաշտպանել դատապարտվածին, սակայն ներկաների բուռն արձագանքից հետո նրանք լռեցին: