.jpg)
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնում է Բելգիա
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ Նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:
Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսենի, Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:
ՀՀ Նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաև Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:
Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան և Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արևելքի և Արևմուտքի մշակույթների և երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ի երեկոյան կվերադառնա Երևան: