.jpg)
Վրաստանի էթնոցենտրիզմը` ազգային փոքրամասնությունների ֆոնին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմանդրամի փորձագետ Թամարա Վարդանյանը խոսեց հետխորհրդային շրջանում Վրաստանում նկատվող արտագաղթի շուրջ և նշեց, որ արտագաղթող էթնիկ փոքրամասնություններից 1990-96 թթ առաջին տեղում հայերն էին` 230.000 հայ, 200.000 ռուսներ և այլն:
Բանախոսը նշեց, որ վրացի փորձագետները հատկապես հայերի արտագաղթը փորձում են կապել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով և նշում, թե այդ թվականներին արտագաղթել են նաև մեծ թվով վրացիներ և դրանում որևէ քաղաքական, ազգային դրդապատճառ չկա:
Վրաստանից արտագաղթողների 60 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են և ըստ նրա, այս պարագայւոմ չենք կարող խոսել արտագաղթի սոցիալ-տնտեսական պատճառներից:
«1990-ական թվականներին Վրաստանում էթնոցենտրիկ մթնոլորտ էր` վրացական ազգայնականության բուռն վերելքի ժամանակաշրջան»,- շեշտեց Թամարա Վարդանյանը և հավելեց, որ հենց ազգայնական միջավայրն էր, որ մղում էր էթնիկ փոքրամասնություններին դեպի արտագաղթը:
Ինչ վերաբերում է Վրաստանի ընդդիմությանը, ապա ընդդիմությունը, ըստ նրա ևս ոչ մի այլընտրանք չի առաջարկում էթնիկ փոքրամասնությունների խնդիրները լուծելու համար:
«Անգամ եթե փոխվի վարչակարգը, միևնույն է, Վրաստանի քաղաքականությունը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ չի փոխվելու»,- ընդգծեց Թ. Վարդանյանը և հավելեց, որ 20-րդ դարի սկզբից Վրաստանի վերնախավի որդեգրած քաղաքականությունը նույն տրամաբանության մեջ է մտնում` Վրաստանը կերտում է ազգային պետություն, գնում է միաէթնիկացման ճանապարհով: