.jpg)
Անվտանգությունը շենքերում. Արվել է նախատեսվածից քիչ
Երևանի բնակելի շենքերի մուտքերում անվտանգության ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2009 թ-ին պետք է իրականացներ ներքին սարքավորումների և հաղորդալարերի փոխարինմանն ուղղված պիլոտային ծրագիր Երևանի արևմտյան հատվածում` Շենգավիթ, Շահումյան, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում: Հայաստանի մասշտաբով ամբողջ ծրագրային փաթեթը կազմում է 20 մլրդ դրամ: Սակայն, ինչպես Aysor-ին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներդրումների բաժնի պետ Աբգար Բուդաղյանը, անցած տարի կատարվել են 12 մլրդ դրամի ներդրումներ. «Դա ավելի քիչ է, քան նախատեսված էր»:
70 շենքերում հաղորդալարերը մասնակի կամ ամբողջությամբ փոխարինվել են, տեղադրվել են անվտանգության վահանակներ: Ա. Բուդաղյանի խոսքով, այս տարի արդեն իսկ 40 շենքում աշխատանքներն արված են, իսկ, ընդհանուր առմամբ, 2010-ին նախատեսված է 600 մլն դրամի ներդրում անել: Ծրագրում ընդգրկված է հանրապետության ողջ տարածքը:
Ընդ որում, մեկ բաժանորդի համար նախատեսված ներդրումները կազմում են 20-25 հազար դրամ:
2009-ին նախատեսված շենքերի մուտքերում հաղորդալարերի և ներշենքային սարքավորումների փոխարինման ու արդիականացման աշխատանքների թերացումը «ՀԷՑ»-ից պատճառաբանեցին «գերակա այլ խնդիրների» առկայությամբ և միաժամանակ հավաստեցին, որ «ծրագիրը կա, արվելու է»: 2010 թ-ին ընկերությունը նախատեսում է այս աշխատանքների գծով զգալիորեն ավելացնել ներդրումների ծավալը:
Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը մեզ զրույցում նշեց, որ թեև «ՀԷՑ»-ի ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցներ են հատկացվում շքամուտքերում անվտանգությունն ապահովելու համար, սակայն, նրա գնահատմամբ` «մեր շքամուտքերը կարկատած ու շատ թերի են»: Նա հայտնեց, որ իրենք առաջարկել են ու հասցեներ են տվել ընկերությանը, որտեղ առաջնահերթ պետք է կարգի բերվեն էլեկտրահաղորդիչ գծերը, բայց «արդեն 6 տարի է, այդ աշխատանքը առաջ չի գնում»:
Հիշեցնենք, որ առևտրային հաշվառման համակարգերի կայացման նպատակով հաշվիչները բնակարաններից դուրս բերելուց հետո էլեկտրահաղորդալարերն անցնում են մուտքերով անկանոն և շատ տեղերում վիճակը ոչ այնքան անվտանգ է:
Անվտանգության տեսանկյունից բնակելի շենքերում պետք է մուտքերի բաշխիչ վահանների դողերը սնող մալուխների իրանները փակել մեկուսիչ չհրկիզվող նյութով, մուտքերի վնասված և բարոյապես մաշված բաշխիչ վահանները փոխարինել նորով, բաշխիչ վահանների և հաշվիչ սարքերի արկղերի վրա տեղադրել փականներ, հաշվիչ սարքերից բնակարաններ գնացող հաղորդալարերը փակել չհրկիզվող մեկուսիչ պատյաններով կամ այն անցկացնել մեկուսիչ փողովակներով, բոլոր մետաղական արկղերի և էլեկտրական սարքավորումների իրանները հողանցել, բնակարանների էլեկտրական սնուցումը իրականացնել ավտոմատ անջատիչների միջոցով: