.jpg)
ՀՀ փոխվարչապետն այցելեց Շիրակի մարզ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Շիրակի մարզ:
Մարզպետ Աշոտ Գիզիրյանի, «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվելիք Սարակապ, Նոր կյանք և Արևշատ գյուղերի դպրոցներում, ծանոթացել շինարարության մեկնարկի հետ կապված աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագիրը կշարունակվի Շիրակի և Լոռու մարզերում:
Ա. Գևորգյանը մարզպետին հորդորել է աջակցել շինարարական ընկերություններին կազմակերպչական հարցերում: Նա հույս է հայտնել, որ կազմակերպությունները որևէ տեխնիկական խոչընդոտ չեն ունենա աշխատանքները որակյալ և սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում:
Փոխվարչապետն այցելել է նաև Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը գործում է տնակային պայմաններում, ծանոթացել դպրոցի վերակառուցման ծրագրին: Դպրոցի վերակառուցման համար ներկայումս հավաքվել է շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար, որից 10 մլն դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից:
Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են համայնքային բյուջեների հետ կապված հարցեր: Ներկայացվել են մարզի համայնքերի սեփական եկամուտների հավաքագրման 2010թ. առաջին 5 ամիսների ցուցանիշները:
Նշվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ մարզում նվազել են հավաքագրման տեմպերը: Փոխվարչապետը հորդորել է աշխատանքներ տանել` սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ մակարդակ ապահովելու ուղղությամբ: Քննարկվել են նաև մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: