.jpg)
Ա. Գևորգյանն ընդունեց Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպանին
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան):
Ողջունելով և շնորհավորելով դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Քաթարի հետ հարաբերությունների խորացմամբ և կարևորեց միջկառավարական հանձնաժողովի դերն այդ հարցում:
Ա. Գևորգյանն անդրադարձել է Քաթարի Պետություն կատարած իր վերջին այցելությանը` այն համարելով արդյունավետ և նշելով, որ Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանիի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծրագրված` տարածաշրջանային նշանակության խոշոր նախագծերին քաթարական կողմի մասնակցության, ինչպես նաև մինչև տարեվերջ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացման հետ կապված հարցեր:
Դեսպանը իր հերթին նկատել է, որ Քաթարը Հայաստանում ներդրումներ կատարելու մեծ հնարավորություններ ունի, իսկ ներդրումների ներգրավման տեսակետից Հայաստանը հետաքրքիր և գրավիչ համարեց: Նա կարևորել է հայկական կողմից այդ նպատակով գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև նշել է իր երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու, Հայաստանի հետ ուղիղ օդային կապ հաստատելու անհրաժեշտության մասին:
Քննարկվել են նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանն առաջարկել է այն անցկացնել Դոհայում: